Օբամա. «Ողջ աշխարհում հիշում ենք Մեծ եղեռնի սարսափը»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը 101-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ, որտեղ նախորդ տարիների նման գործածել է «Մեծ եղեռն» եզրույթը: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Հարգելով 1915-ի մռայլ օրերին տուժած մարդկանց հիշատակը և պարտավորվելով սովորել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևէ չկրկնվի, հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց օգնության հասած մարդկանց, որոնց թվում էր ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով իր ձայնը բարձրացրեց` փորձելով վերջ դնել բռնությանը: Նման ձայները, ինչպիսին Մորգենթաուինն է, շարունակում են կարևոր լինել վայրագությունների կանխման գործում: Նման ձայները կանխորոշեցին նաև մարդու իրավունքների հաջորդ պաշտպան առաջամարտիկների աշխատանքը, ինչպես Ռաֆայել Լեմկինն էր, ում ջանքերով իրականություն դարձավ ԱՄՆ մարդու իրավունքների առաջին պայմանագիրը:
Սա նաև հայ ժողովրդի ճկունությունը գնահատելու պահն է: Մենք հիշում են, թե ինչպես են հազարավոր հայ փախստականներ տասնյակ տարիներ առաջ նոր կյանք սկսել Միացյալ Նահանգներում` կազմելով կենսունակ ու զարգացած համայնք: Մենք շնորհակալ ենք նաև Հայաստանի ժողովրդին 17 000 սիրիացի փախստականների իրենց երկրում այս դժվարին ժամանակներում ընդունելու համար:
Անցյալից նայելով ապագային` մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը` որպես կանխման միջոց, և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին:
Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Ես տեսել եմ թե ինչպես են մարդիկ և ազգերը ուժեղ դարձել և կառուցել համերաշխ ապագա՝ առերեսվելով անցյալի ցավոտ պահերին: Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա` սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը:
Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին` ողջ աշխարհում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանին»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: