Սամվել Պետրոսյան. Ջավախահայությունը ոչ մի անցակետ չի փակել
Ադրբեջանական, թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, իբր ջավախահայերը փակել են թուրք-վրացական սահմանին գործող Կարծախի անցակետը՝ արգելելով թուրքական բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք: Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց իսկ տարածած լուրը կապել էին ԼՂՀ-ում քառօրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած օգնության հետ:
Նշվում էր, իբր ջավախահայերը քարեր են նետել թուրքական մեքենաների ուղղությամբ, լուրեր էին տարածվել, ըստ որոնց կռիվներ են տեղի ունեցել ջավախահայերի և Վրաստանում բնակվող ադրբեջանցիների միջև:
Ախալքալաքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը հայտարարել է, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Ախալցխա. նեթ»-ի փոխանցմամբ, պատգամավորին տեղեկություններ են հասել, ըստ որոնց ջավախահայերը գնացել են ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջան խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերելու: Այս ընթացքում իբր վեճ է բռնկվել հայերի ու ադրբեջանցիների միջև, տեղի է ունեցել դանակահարություն:
«Շրջանառվող լուրերը ճշտելու համար կապվեցի Մառնեուլի իրավապահների հետ: Նրանք ինձ տեղեկացրեցին, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հետո նրանք ինձ հարցրին, թե լուրեր են շրջանառում իբր Ջավախքում ծեծվել են ադրբեջանցիներ: Ես հայտնեցի, որ ճիշտ չեն»,-ասել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է անցակետը փակելու մասին լուրերին, ապա Ս. Պետրոսյանն ընդգծել է. «Կարծախի անցակետը աշխատում է այնպես, ինչպես աշխատում էր: Ջավախահայությունը ոչ մի անցակետ չի փակել ու բոլոր այդ լուրերը բացարձակ սադրանքներ են»:
Նշենք, որ Կարծախ (Չըլդըր-Աքթաշ) անցակետը գտնվում է Ջավախքի և Արդահանի մարզի միջև՝ Չըլդըր լճից հյուսիս: Անցակետը բացվել է 2015թ. հոկտեմբերի 18-ին: Այն երրորդն է շուրջ 270 կմ երկարությամբ ձգվող Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան