Դավիթ Բաբայան. Ադրբեջանին ցույց տրվեց «կարմիր գիծը»
Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Panorama.am»-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցին և կարևորել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արած 1994-95թթ.-ի ստորագրված պայմանագրերին հետևելու Լավրովի հայտարարությունը, որի ստորագրման կողմ է եղել նաև Արցախը:
«Սա նշանակում է, որ Ռուսաստանը և եռանախագահությունը այլընտրանք չեն տեսնում 1994թ.-ի զինադադարի պայմանագրին հետևելուն: Ավելին՝ այդ պայմանագիրը ստորագրվել է երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, սա շատ կարևոր է, ու սրանով ցույց է տալիս Ադրբեջանին այն «կարմիր գիծը», որ չպետք է խախտի: Այսինքն, տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխման որևէ փորձ, որը ֆիքսվել է 1994թ.-ի պայմանագրով անթույլատրելի է»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Երևան կատարած այցի ժամանակ իր հայաստանցի գործընկերոջ հետ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ԼՂ խնդրի կարգավորման առումով այս պահին սկզբունքորեն կարևոր է անել ամեն բան՝ չթույլատրելու կողմերի միջև կնքված հրադադարի անժամկետ ռեժիմի որևէ խախտում: Պայմանավորվածություն, որ ձեռք է բերվել դեռ 1994-95 թվականին և համաշխարհային ճանաչմամբ ուժի մեջ է»:
Բաբայանը ընդգծեց, որ ինչպես մյուս համանախագահները, Լավրովը նույնպես մի քանի անգամ նշել է, որ «հակամարտության լուծման ուժային տարբերակը անընդունելի է և վտանգավոր»:
Կարևորելով զինադադարի ռեժիմի խախտումների գրանցման գործընթացի վերաբերյալ հատուկ ուշադրությունը, Դավիթ Բաբայանը նշեց, որ խախտումների գրանցումից, հետաքննությունից անհրաժեշտ է նաև պատասխանատվության կանչել խախտող կողմին:
«Պետք է ստեղծվի այնպիսի մի համակարգ, որը թույլ կտա առնվազն գրանցել խախտումները, թե ո՞ր կողմն է կատարել, ե՞րբ է կատարել: Միայն դրանից հետո հնարավոր կլինի պատասխանատվության կանչել այն կողմին, որը կխախտի զինադադարի այդ ռեժիմը»,-նշեց նա:
Բաբայանը տեղեկացրեց, որ նման առաջարկով ժամանակին հանդես է եկել պաշտոնական Ստեփանակերտը:
«Որպես զինադադարի պահպանման մեխանիզմներ, մենք երեք կարևոր առաջարկ ենք արել՝ առաջինն այն է, որ պետք է դիպուկահարները հետ քաշվեն առաջնագծից: Եվ քանի որ Ադրբեջանը այժմ օգտագործում է նաև ծանր զինտեխնիկա, ուրեմն նաև պետք է լինի կետ ծանր զինտեխնիկայի և հեռահար զինատեսակների չկիրառման վերաբերյալ: Երկրորդ՝ անհրաժեշտ է խախտումները գրանցելու մեխանիզմներ ստեղծվեն և երրորդ՝ շատ կարևոր է, որ միջազգային, ազգային և կրոնական կարևոր տոն օրերի ժամանակ ոչ մի խախտում չլինի: Այժմ տեսնում ենք, որ Լավրովը, որպես ՌԴ ԱԳ նախարար և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ առաջարկում է այդ մեխանիզմների կիրառումը, ինչը ողջունելի է, և թույլ կտա ավելի կայունացնել իրավիճակը սահմանների ողջ երկայնքով»,- նշեց Բաբյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ արած հայտարարությանը՝ Բաբայանը նշեց, որ դա թույլ է տալիս պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: