Նորույթների նպատակն է փարատել առկա կասկածները. Դավիթ Հարությունյան
Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին օրինակը տարբերվում է ներկայիս քննարկվողից: Այսօր «Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում» քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ փորձում են լսել բոլոր մտահոգությունները և առաջարկել որոշակի լուծումներ՝ դրանք փարատելու համար:
«Ստորագրված ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջը բազմիցս քննարկվել է: Թեև պաշտոնապես դրանք չպետք է հրապարակվեն, սակայն բոլոր նրանց համար, ովքեր շահագրգիռ են՝ վստահված անձիք, դիտորդներ, այդ ցուցակը պետք է հասանելի լինի: Առաջարկված մեխանիզմը մեր կարծիքով, լիարժեքորեն լուծում է այդ հարցը»,-նշեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կրկնակի քվերակությունների մտահոգոթյանը՝ նա ասաց, որ փորձել են առաջարկել մեխանիզմ, որով բոլոր քվեարկած մասնակիցները հանձնում են իրենց մատնահետքերը, որից հետո անմիջապես այդ մատնահետքերը ամբողջ երկրով մեկ հավաքվում և սկսում են միմյանց հետ համեմատվել. «Նմանատիպ բազմաթիվ լուծումներ առաջարկվել է այս նախագծում: Այս նորույթների նպատակն է փարատել այն կասկածները, որոնք առկա են»:
Լրագրողների հարցին, թե ընդդիմության պահանջներից որն է լիարժեք բավարարվել, նա պատասխանեց. «Նպատակը ոչ թե միայն մեխանիզմը ընդունելն է, այլ հասկանալ, թե որն է եղել բուն մտահոգության առարկան: Մենք փորձել ենք հասկանալով բուն մտահոգությունը, լուծումներ առաջարկել»:
Իսկ թե որքանով են արդյունավետ 4+4+4 ֆորմատով քննարկումները Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ դրա վերաբերյալ ընդդիմության դժգոհությունը քաղաքական գնահատականն է:
«Ընդդիմության հետ կոնսեսուս չկա, ինչը թե ընդդիմության, թե իշխանության, թե հանրության համար պետք է մտահոգիչ լինի: Սակայն սա չի նշանակում, որ գործընթացը չի բերել իր օգտակար հատիկը, իսկ օգտակար հատիկը մասամբ արդեն զետեղված է ընտրական օրենսգրքում: Ես կարծում եմ, որ սրանով դեռ քննարկումները չեն ավարտվում: Դեռ ժամանակ ունենք և հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ քննարկումների»,-նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Նրա խոսքերով՝ հինգ պլյուս մեկ առաջարկություններից պրակտիկորեն հինգի վերաբերյալ եղել է հակընդդեմ առաջարկություն, որն ըստ իրենց՝ միանգամից լուծում է հարցը:
Խոսելով՝ ընտրական տեղամասերը տեսանկարահանելու և ուղիղ հեռարձարկելու ընդդիմության պահանջից, Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջարկել են մեխանիզմ, որ եթե գտնվի դոնոր կազմակերպություն և պատրաստ լինի ֆինանսավորել տեսանկարահանումը ընտրական տեղամասերում, մենք համաձայն կլնենք՝ մի շարք նախապայմաններով:
«Առաջարկել ենք, որ չլինի ուղիղ հեռարձակում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապն ընդհատվելը, առանձին կասկածի առարկա կդառնա: Դրա փոխարեն առաջարկում ենք, ոչ թե ուղիղ հեռարձակում, այլ տեսանկարահանում, և ցանկացած քաղաքական ուժի, վստահված անձանց դիտորդների, ԶԼՄ-ների պահանջով նկարահանման պատճենը տրամադրվի նրանց»,-ասաց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին