Կանադայի վարչապետը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Կանադայի հայկական համայնքին: Այս մասին հաղորդում է «Asbarez.com»-ը:
Ստորև ներկայացնում ենք Կանադայի վարչապետի ուղերձ-հայտարարությունը.
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը: Թե՛ Կանադայի Սենատը և թե՛ համայնքների պալատն ընդունել են բանաձևեր, որոնցով այս իրադարձությունները որակվել են որպես Ցեղասպանություն:
Մենք պահում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ինչպես նաև հիշում ենք նրանց, ովքեր տառապել են այս ցեղասպանության հետևանքով, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, այդ թվում և նրանց, ում համար Կանադան այժմ համարվում է տուն:
Ճանաչելով այս իրադարձությունները` թույլ տվեք օգտագործել այս պահը որպես առաջ նայելու և մեր հավաքական վճռականությունը ամրապնդելու հնարավորություն` երաշխավորելու, որ նման գործողություններն այլևս երբեք չեն կրկնվի:
Երբեք չմոռանալով պատմության դասերը` մենք պետք է նաև հիշենք, որ անցյալի անարդարությունները չեն ծառայում մեր համայնքներին, եթե դրանք անջատում են մեզ: Տարբեր ծագում և հավատք ունեցող բոլոր կանադացիները միասին են` բազմակարծության, մարդու իրավունքների և բազմազանության արժեքներում մեր հավաքական հանձնառությունը վերահաստատելու հարցում:
Այս տարելիցին խնդրում եմ ձեզ միանալ ինձ` հույս ունենալով խաղաղ ապագայի նկատմամբ, որը հիմնված կլինի հանդուրժողականության, հարգանքի և հաշտեցման վրա»: