Ս. Մինասյան. Ի հակառակ հասարակության պարանոյա հիշեցնող արձագանքների՝ Լավրովի այցը աշխատանքային էր
«Կարծում եմ, որ ի հակառակ «մեր հասարակության մեջ և ԶԼՄ-ների մոտ առկա սպասումների կամ շատ ժամանակ պարանոյա» հիշեցնող արձագանքների, ՌԴ արտգործնախարարի այցը մեծ մասամբ կրում էր աշխատանքային բնույթ: Այնուամենայնիվ սպասելի էր, որ հիմնական շեշտը դրվելու էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա»,- անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան այցին`«panorama.am»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Այս առումով մեր զրուցակիցը հիշեցրեց, որ թե՛ ավելի վաղ ՌԴ արտաքին գերատեսչությունը և թե՛ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հատուկ ընդգծեցին, որ Մոսկվան ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները որևէ կերպ չի դիտարկում որպես գոյություն ունեցող պայմանավորվածությունների և ռազմական ու քաղաքական իրականության փոփոխություն:
«ՌԴ արգործնախարարը փաստացի նշեց, որ ներկայումս առկա ստատուս-քվոն չի փոփոխվել: Շեշտվեց, որ հրադադարի վերաբերյալ 1994-95 թթ ձեռք բերված պայմանավորվածությունները անժամկետ են: Հստակ է, որ և՛ ՌԴ-ն, և՛ մյուս համանախագահ երկրներն ու ԵԱՀԿ-ում ներկայումս նախագահող Գերմանիան դեմ են պայմանավորվածությունների որևէ խախտմանը: Հերթական անգամ փաստվեց, որ պայմանագրերը գործում են և ապագայում ևս չեն կորցնելու իրենց ուժը: Սա նշանակում է որ ադրբեջանական կողմի` ռազմական ագրեսիայի միջոցով քաղաքական իրականության և դիվանագիտական գործընթացների վրա ազդելու և բանակցությունների ձևաչափը փոփոխելու փորձերը եղան ապարդյուն»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ արգործնախարարի կողմից Կազանում ներկայացված փաստաթղթի վերաբերյալ հնչեցված շեշտադրումներին, ապա ըստ քաղաքագետի, դա ոչ այլ ինչ է, քան Մադրիդյան սկզբունքների տարբերակներից մեկը:
«Այս ամենը արդեն շուրջ 15 տարի քննարկվում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակություններում: Տրամաբանությունը նույն է`տարածքային զիջումների փոխարեն ստանալ Արցախի կարգավիճակի որոշում: Այս առումով կազանյան փաստաթուղթը էականորոն չի տարբերում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այլ բան է, որ ՌԴ-ն պետք է առաջ քաշեր հենց ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունք հանդիսացող փաստաթուղթը: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարարի այն խոսքերին, որ Հայաստանը չի մերժել այն, ապա դրանով Սերգեյ Լավրովը ընդամենը հաստատեց բոլորին հայտնի իրողությունը»,- նշեց Ս. Մինասյանը
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, մասնավորապես այստեղ առկա և վերջին իրադարձությունների համատեքստում ակնառու դարձած խնդիրներին, Ս. Մինասյանը վստահություն հայտնեց, որ ռուսական կողմը ստեղծված իրավիճակից կանի ճիշտ հետևություններ:
«Կարծում եմ, որ ի հակառակ Մոսկվայից հնչող երաշխիքներին Ադրբեջանի կողմից ռուսական զենքի ակտիվ օգտագործումը կստիպի ՌԴ-ին անհրաժեշտ հետևություններ անել, ինչ չի կարող չանդրադառնալ հայ-ռուսական հարբերությունների հետագա զարգացման վրա»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Հաճելի է լինել Երևանում, զգում ենք մեզ ինչպես տանը
- «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց». Սերժ Սարգսյանի հարցը Լավրովին
- Լավրովը կարևորեց միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը
- Արմեն Մինասյան. Լավրովն ու Նալբանդյանը թաղեցին Բաքվի երազանքը
- Լավրով. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել
- Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով
- Լավրով. Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը
- Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով