Ճշմարտությունը հզոր զենք է. The Washington Post-ի հրապարակախոս
Ճշմարտությունը հզոր զենք է. այս սկզբունքով է առաջնորդվում ամերիկյան The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր, հայկական արմատներ ունեցող Դեվիդ Իգնատիուսը (David Ignatius):
Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում այս պահին ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի բազմաթիվ հյուրերին Իգնատիուսը տեղեկացրեց, որ իր տատը և պապը պատմական Հայաստանի Խարբերդ նահանգից են:
Ասաց` իր հիշողությունները կապված են պապու` Հովսեփ Պիղատոսյանի ապրումների հետ:
«Իմ պապը այն 300 գաղթականների մեջ է եղել, ովքեր գաղթեցին Խարբերդից: Նրա հիշողություններով, գաղթականները տանջահար էին ու հազիվ էին շարժվում», -ներկայացրեց հեղինակավոր ամսագրի խմբագիրը:
Նա ասաց, որ իր համար հպարտություն է այս ֆորումի բացումը և փոխանցեց, որ իր լրագրողական գործունեության մեջ իր համար կարևորագույն սկզբունքը իրականությունը, ճշմարտությունը փոխանցելն է:
«Իմ լրագրողական գործում ճշմարտությունը գտնելն է: Պետք է ունենալ հաշվետվողականություն և պատասխանատվություն անցյալի դեպքերի նկատմամբ: Մենք փաստերին շատ լուրջ ենք վերաբերում: Իմ ղեկավարը ինձ միշտ ասում էր` ամեն ինչ զուր է, եթե չկան փաստեր», -ասաց նա:
Նրա խոսքով, իրեն ոգևորել են Թուրքիայում ապրող այն մտավորականներն ու գործիչները, ովքեր մեկ տարի առաջ ոգեկոչում էին ցեղասպանության հարյուրամյա զոհերին: Իգնատիուսը հիշեցրեց ներկաներին, որ օրերս հայազգի Փիթեր Բալաքյանը հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Օզոնային ամսագիր» բանաստեղծությունների հավաքածուի համար, որում «ներկայացրել է` ինչպես են Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորները հայտնաբերել սիրիական անապատում»:
«Ես լրագրող եմ և ցանկանում եմ նայել ներկային ու ապագային, պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ճանաչումն ու հատուցումը: Ինչպես մենք կարող ենք ներկան բարելավել փաստերով: Երբևէ ցեղասպանություններ չպետք է լինեն», - հայտարարեց հայկական արմատներ ունեցող ամերիկացին: