Քաղաքագետ. Մահացած բանակցությունների վերակենդանացումն անպտուղ է
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ, ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները մահացած են:
«Մի բան եթե մահացած է, վերակենդանացնել, բացի նրանից, որ անհնար է, նաև խիստ անպտուղ է, ժամանակի ու էներգիայի կորուստ»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած «Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները» փորձագիտական ճեպազրույց-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նրա կարծիքով, հայկական կողմը չպետք է վերսկսի բանակցությունները:
«Ադրբեջանը և Թուրքիան՝ թյուրքական կողմն իրենց ազգային գաղափարախոսության շրջանակում ունի հստակ քաղաքականություն, եթե անգամ բանակցում են, ապա դրանք ելնում են ժամանավորության սկզբունքից, եթե այդ պահին արդյունքները ձեռնտու են իրեն: Այսինքն Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից բանակցությունների մեջ մտնել ու բանակցությունների արդյունքները համարել վերջնական, նվազագույնը անմիտություն է, քանի որ հասկանում ենք, նրանց ամբիցիաները շատ ավելի հեռու են գնում»,-ասաց քննարկման մասնակիցը:
Քաղաքագետի համոզմամբ, հանդիպումների ժամանակ պաշտոնական Երևանը պետք է խոսի ոչ թե բանակցությունների վերսկսման հնարավորությունների մասին, այլ պետք է հայտարարի, որ բանակցային գործընթացը սպանված է թշնամու կողմից:
«Ես խնդրում եմ իմ գործընկերներին ու լրատվամիջոցներին, Ադրբեջանի մասին խոսելիս այլևս չօգտագործել հակառակորդ տերմինը, որովհետև դա բավականին քաղաքակիրթ ու հարգանք պարունակող տերմին է: Կարելի է ուղղակի օգտագործել թշնամի բառը»,-նկատեց նա:
Վերադառնալով բանակցություններին ու բանակցային սեղանին եղած Մադրիդյան, Կազանյան փաստաղթերին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դրանցում կան հայկական կողմի համար խիստ աննպսատ հիմունքներ:
«Ես կարծում եմ, որ խաղաղություն հողի դիմաց, կամ կարգավիճակ տարածնքերի դիմաց ձևակերպումներից ուղղակի պետք է կտրականապես դուրս գալ: Հայաստանի դիրքորոշումը միանշանակ պետք է լինի, որ մենք հող չունենք հանձնելու համար»,-ասաց Հ. Մարտիրոսյանը: