Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից փախած ազգությամբ եզդի 21-ամյա Նադիա Մուրադը (Nadia Murad) Երևանում է, մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին: Աղջիկը պատմում է, որ մեծ դժվարությամբ է փախել Մոսուլից, որտեղ կենտրոնացել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, պաշարել քաղաքը:
«Ես Մոսուլում էի գտնվում, որևէ ելք չէի գտնում դուրս գալու, գիտեի, որ այլևս փրկվելու տեղ չկա: Ամբողջ Մոսուլը գտնվում էր այդ ահաբեկիչների իշխանության տակ: Սակայն մի տուն կար, որտեղից կարողացա վերցնել իսլամական զգեստներ, թաքցնել դեմքս և փախչել: Որոշ մարդիկ շատ օգնեցին, և ես բախտի բերմամբ, կարողացա անցնել սահմանը: Ինձ տեղափոխել են եղբորս մոտ` Զախոյում գտնվող եզդիական ճամբար, որից հետո մի շարք եզդիների հետ տեղափոխվել եմ Գերմանիա:
Ավաղ, կորցրի վեց եղբայրներիս, որոնց սպանեցին, մորս, եղբորս աղջիկն էլ փորձել էր փախչել Մոսուլից, բայց ականի վրա էր ընկել ու մահացել էր»-, այսօր իր պատմությունը ներկայացրեց Նադիան:
Ասաց փրկվել են երկու քույրն ու երեք եղբայրը: Բայց երեք հազարից ավելի կանայք ու աղջիկներ մնացել են Մոսուլում, ԴԱԻՇ ահաբեկիչների գերության մեջ ու այժմ նրանք համարվում են սեռական բռնության զոհեր:
Նրանց օգնելու ու իրավունքները պաշտպանելու համար Նադիային նոմինացրել են Նոբելյան Մրցանակի, սակայն դա նրան քիչ է հետաքրքրում. «Ինձ համար կարևորը եզդի կանանց փրկությունն է», -ասաց աղջիկը:
Նրա հիշողությունների մեջ անցյալն այսպիսին է. «2014-ին ԴԱԻՇ-ը եկավ Իրաքի եզդիական տարածք` ոչնչացնելու եզդիներին, քանի որ նրանց համարում էր տարածք, դիրք չունեցող, անհավատ ժողովուրդ: Նրանք ցանկանում են ոչնչացնել նրանց տղամարդկանց, գերեվարել կանանց: Ես ինքս եզդի աղջիկ եմ Շանգալից:
Տասը հազար եզդիներ գերեվարվեցին և սպանվեցին այդ ահաբեկիչների կողմից և որոշներն էլ չկարողացան դիմանալ ծանր արևային պայմաններին, մահացան: Մեր կանանց նրանք վաճառում էին, նրանց նկատմամբ տարբեր տեսակի սեռական ոտնձգություններ էին կատարում, օրական մի աղջկան կամ կնոջը տալիս էին տարբեր անձանց, վաճառում էին թե Իրաքի, թե Սիրիայի սև շուկաներում: Մինչ այժմ որևէ մեծ գործողությունների չեն դիմում եզդիներին նրանց ձեռքից փրկելու համար: Դեռևս 3 հազարից ավելի կանայք ու աղջիկներ գերեվարված են այդ անխիղճների ձեռքում: Ես նրանց ձայնն եմ»:
Ասաց, որ պատրաստվում է ամեն ինչ անել` կանանց փրկելու համար
«Ես ինքս էլ փորձում եմ իմ ժողովրդի ձայնը բարձրացնել տարբեր հարթակներում որ այդ անխիղճ ԴԱԻՇ-ի դեմն առնեն: Դրա համար ես այսօր այստեղ եմ` Հայաստանում, շատ ուրախ եմ, որ ձեր շրջապատում եմ, քանզի դուք ավելի լավ կիմանաք մեր ցավը, դուք էլ հարյուր տարի առաջ ցեղասպանություն եք ապրել: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ճանաչվեր, ապա Շանգալի ցեղասպանությունը չէր լինի», -ասաց ահաբեկիչների բռնություններից փախած աղջիկը:
Հարակից հրապարակումներ`
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան