Թուրք ակտիվիստը երևանյան ելույթը նվիրեց հայ գրող Զապել Եսայանի հիշատակին
Այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուն ելույթը սկսելուց առաջ հայտարարեց, որ իր խոսքը նվիրում է Արևմտյան Հայաստանի հայտնի կին գրող Զապել Եսայանի հիշատակին: Նշենք, Զապել Եսայանը հայ այն գրողներից էր, որը տեղահանման էր ենթարկվել Օսմանյան Կայսրության կառավարիչների կողմից, թողել հայրենիքը: 1915-ին խուսափելով ձերբակալությունից՝ ապաստանում է Թիֆլիսում, Եղեռնի մասին գրում իր հիշողություններ՝ «Ժողովրդի մը հոգեվարքը»...։
Չեթինօղլուն ելույթ ունեցավ ֆորումի առաջին նիստում, որը վերաբերում էր Ցեղասպանությանն ու տեղահանությանը:
Ելույթում թուրք ակտիվիստը ֆորումին ներկա հյուրերին տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի գիրքը գրաքննության է ենթարկել:
Նրա ներկայացմամբ, Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները շատ են պատմել, թե ինչպես է դա պատահել, բայց «ցավը զգացել են հայերը, հայերն են անցել այդ ողբերգության միջով»։
«Թուրքիայում մի հայ կա, անունը Սևան, 25 տարի բանտարկության տակ է՝ անօրեն շինարարություն կատարելու համար։ Երկրում շինարարության մեծ մասը ապօրինի է, բայց Սևան Նշանյանին 25 տարով են ազատազրկել։ Նրան բանտարկել են՝ իսլամի ու թուրքական իշխանությունների դեմ գրքի համար։ Սա անհամաչափություն է»,- հայտարարեց Չեթինօղլուն:
Թուրք գործչի խոսքով, Հայոց ցեղասպանությունը ընդունելու, ճանաչելու հարցում հարկավոր է, որ Թուրքիայում ամեն մեկը գիտակցի Ցեղասպանության հավաքական պատասխանատվությունը և իրեն հարց տա՝ ի՞նչ էր անում պապս 1915-ին, ապա ներողություն խնդրի՝ դրանով արտահայտելով զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը:
«Պետք է «Այլևս երբեք» հուշարձան կառուցվի, ապա մեկնարկի հատուցման աշխատանքը», -հավելեց գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացնում. Ջո Վերհովեն
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
- Սերժ Սարգսյան. Հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է կորուստների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում
- Սերժ Սարգսյան. Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության
- Ճշմարտությունը հզոր զենք է. The Washington Post-ի հրապարակախոս