Փախստականների խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանք էր. Միջազգային իրավունքի պրոֆեսոր
Լոնդոնի միջազգային Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում հայտարարեց, որ աշխարհում շատ երկրներ շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ երկրներ էլ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն խուսափում են Ցեղասպանության լիարժեք ճանաչումից: Պրոֆեսորի կարծիքով, այդ երկրներն այդպես են վարվում` ելնելով իրենց «ցինիկ քաղաքական նկատառումներից»:
Նրա խոսքով, օրինակ, ցավալի է, որ Մեծ Բրիտանիան, որը հայերի կոտորածների տարիներին դատապարտել է այդ վայրագությունները, այսօր նույն ազնիվ դիրքորոշումը չունի Հայոց ցեղասպանության հարցում:
Բացի այդ, ըստ Շաբասի, Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ չէ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը:
«Այդ նույն դատարանը վերջերս թուրք Փերինչեքի գործով երկիմաստ վճիռ կայացրեց՝ այդպիսով արտահայտելով իր երկիմաստ ու ոչ լիարժեք դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ», -հայտարարեց Շաբասը:
Նա պնդեց, որ ներկայումս փախստականների խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանք է:
«Փախստականների խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանք էր: Այդ տարիներին առաջին անգամ ստեղծվեց փախստականների գծով հանձնաժողով, որի նախագահ Ֆրիտյոֆ Նանսենը նկարագրում էր հայերի նկատմամբ վայրագությունները: Այս հարցերը, սակայն, կրկին օրակարգ վերադարձան միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ կրկին ցեղասպանություն էր տեղի ունեցել, և փախստականների խնդիր կար»,- հայտարարեց Շաբասը` հույս հայտնելով, որ ի վերջո ճշմարտությունն ու արդարությունը հաղթանակ կունենան:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք գործիչը մատնանշել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի տարբերությունը
- Թուրք ակտիվիստը երևանյան ելույթը նվիրեց հայ գրող Զապել Եսայանի հիշատակին
- Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացնում. Ջո Վերհովեն
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
- Ճշմարտությունը հզոր զենք է. The Washington Post-ի հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան