Գլոբալ ֆորումն ավարտվեց, հաջորդը կկայանա 2018-ին
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումն ավարտեց աշխատանքները, հաջորդը կկայանա արդեն երկու տարի անց` 2018-ին: Ֆորումը աշխատանքի արդյունքներով ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես, նշվում է.
«Գլոբալ ֆորումը հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության, և գործելով արիությամբ և զոհողությունների գնով, փրկեցին անմեղ կյանքեր:
Խորը մտահոգություն է հայտնում վերջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության և ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր` ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձնանց ամենաբարձր թիվը
Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավել միայնակ` առանձին երկրների կողմից, խորապես հավատում է, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա դառնալ:
Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո
Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա` որպես ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացույթունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում:
Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018-ի ապրիլին, Հայաստանում»