Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
«Աշխարհում գոյություն ունեն բնապահպանական ճգնաժամեր, աղքատություն, որոնք գալիս են ֆինանսական միջոցների սղությունից: Այս ամենը հանգեցնում է մարդկանց տեղահանումների»,- Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Դոկտոր Շիրին Էբադին:
Ըստ նրա, մեկ օրվա ընթացքում Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից միջին հաշվով 6000 մարդ փախչում է Եվրոպա:
«Այս իրավիճակը կշարունակվի, չի ավարտվի: Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, ապա մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա, քան Երկրորդ աշխարհամարտից հետո էր»,- ասաց նա:
Շիրին Էբադին նշեց, որ խնդրի լուծման համար կան մի քանի տարբերակներ՝ երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ: Երկարաժամետ լուծումը, ըստ իրավաբանի, պատերազմի, սովի, բռնության վերացումն է, որը, իհարկե, տարիներ կպահանջի:
«Սակայն այլ ընտրություն չկա, մենք պետք է ուշադրությունը կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա: Շարունակվող պատերազմներին պետք է վերջ դրվեն: Սիրիական ճգնաժամի լուծումները չպետք է լինեն զուտ հռետորական մակարդակում»,- ընդգծեց նա:
Շիրին Էբադիի խոսքով, մարդիկ, իրենց կյանքը վտանգելով, թեկուզ ծովով, հասնում են Եվրոպա: Նա խոսեց փախստականների համար նախատեսված ճամբարներում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ պայմանները շատ վատ են, նույնիսկ նորածինների համար տակաշորեր չկան: Ըստ նրա, պետք է այդ ճամբարները լավ կահավորվեն, որպեսզի մարդիկ, ովքեր իրենց կյանքը մի կերպ փրկելով հասել են այդտեղ, գոնե տանելի պայմաններում կարողանան ապրել: Միաժամանակ իրավաբանը նշեց, որ Եվրոպան չի կարող անսահմանափակ թվով փախստականներ ընդունել:
«Ինչո՞ւ իսլամական պետությունները, օրինակ՝ Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք աշխատուժի կարիք ունեն և Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից են ներկրում, քանի որ այդ աշխատուժն էժան է, բայց իրենց սահմանները չեն բացում փախստականների առաջ: Որովհետև նրանք չեն ուզում քաղաքացիություն շնորհել այդ փախստականներին: Բայց միաժամանակ հայտարարում են, թե ի՞նչ խղճալի վիճակում են գտնում Իսլամական պետություններից փախած փախստականները»,- ասաց Շիրին Էբադին:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին