Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
Երևանում՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ ներկայացվեցին «Ավրորա» մրցանակի կողմից հրապարակված The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։
Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողները ներկայիս և առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, ապա՝ հարկադիր միգրացիան։
«Առաջին անգամ չենք առերսվում տեղահանման ճգնաժամի հետ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո տեղահանումների նման բարձր մակարդակ չի եղել, ինչպես այսօր է»,- քննարկումների ժամանակ ասաց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեյվիդ Թոլբերթը:
Ըստ նրա, նման տեղահանումները միտումնավոր քաղաքականության, մարդու իրավունքների սաստիկ խախտումների, որոշ քաղաքականության ձախողումների արդյունք է: Դեյվիդ Թոլբերթի խոսքով, ակնառու է, որ այս ճգնաժամի հարցում մեծ պատասխանատվություն են կրում միջազգային համայնքի՝ որպես ընդհանուր դերակատար, վարած քաղաքականության ձախողումները:
Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին խոսեց մասնավորապես Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ստեղծված այսօրվա վիճակի ամբողջ պատասխանատվությունը չպետք է բարդել Արևմուտքի վրա:
Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանիի խոսքով, երբ որ փախստականների ճգնաժամն ի հայտ է գալիս, տեղահանվածները, այդ ճգնաժամի կտրվածքով, դառնում են հարց. «Սակայն դա հարց չէ, մարդիկ ենք, ովքեր անցնում են ծանր ժամանակներով, տառապում են: Նման իրավիճակում են հայտնվել քաղաքականությունը կազմողների պատճառով»:
«Այսօր այնպիսի միտում կա, որ փախստականներին օգտագործում են քաղաքական օրակարգերի համար: Սա ամենաբիրտ բանն է, որ որևէ մեկը կարող է թույլ տալ իրեն: Կոչ եմ անում այստեղից՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով: Վտանգավոր հարց է դա: Փախստականներն իրական մարդիկ են, կանայք, երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանել»,- ասաց Հինա Ջիլանին:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին