Սերժ Սարգսյան. Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության
«Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության: Դրա վկայությունն է Հայոց Ցեղասպանություն իրականացնողների ու նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապարածների համար»,-ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն ընդգծեց, որ համաժողովի այս տարվա խորագիրը` «Ցեղասպանության վերապրած վկաները», թույլ է տալիս մեզ վեր հանել ինչպես հետևանքների վերացման, այնպես էլ կանխարգելման առումներով կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը:
«Այսօր մեզ հետ այս դահլիճում, մեր կողքին են ցեղասպանության վերապրած վկաները։ Մարդիկ, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել ցեղասպանությունների՝ բառերով անփոխանցելի սարսափները, կորստի, կարոտի, հայրենազրկման անամոքելի ցավը՝ մի պահ, թերևս, հրաժեշտ տալով անցյալին ու ապագային։
Նրանցից յուրաքանչյուրի համար դժվար է եղել լավատես լինելը, բայց նրանք այստեղ են՝ փաստելու համար, որ ցեղասպանություն իրականացնողները չեն հաղթել։ Վստահ եմ՝ նրանք բոլորն էլ անցել են հերոսական մի ճանապարհ և այդ ճանապարհին հանդիպել մարդկանց, ովքեր ձեռք են մեկնել, ովքեր օգնել են ոտքի կանգնել, ովքեր հույս են ներշնչել... Մարդիկ, ովքեր ընդվզել են ժամանակի չարիքների դեմ՝ չհամակերպվելով անտարբերության հետ, սեփական շահն անտեսել՝ չհամակերպվելով անարդարության հետ, վտանգել են իրենց՝ հանուն ևս մի մարդկային կյանքի փրկության։
Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը․ «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»:
Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսևորվում է նաև հիշելու և իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը»,-ասաց ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Պետք է հասնենք նրան, որ ատելության սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում
- Ճշմարտությունը հզոր զենք է. The Washington Post-ի հրապարակախոս
- Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան
- Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան գլոբալ ֆորումի ընթացքում. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին