Ջորջ Քլունի. Մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ պատմությունները ներկայացնում ենք թվերով
«Եթե ունես հաջողություններ, դա չի նշանակում, որ ունեցածդ փառքը պետք է պահես քեզ: Դու պետք է դա բաժանես ուրիշներին»,-Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր, բարերար Ջորջ Քլունին:
«Իմ բախտը բերել է: Ես չեմ ծնվել մի վայրում, որտեղ «Բոկո Հարամ»-ը կանանց գողանում և տանում է: Այդ բախտավորությունը պետք է կիսվի»,-ասաց նա:
Քլունին ընդգծեց, որ աշխարհում շատ բան կա, որոնք իր ու իր նմանների հաջողության կարիքն ունեն, ասաց՝ հպարտ է ֆորումին ու «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր, հայկական արմատներ ունեցող Դեվիդ Իգնատիուսը (David Ignatius) Քլունիից նաև հետաքրքրվեց, արդյո՞ք հեռուստալսարանը սկսել է ավելի քիչ զգայուն լինել ու քիչ արձագանքել բռնություններին:
«Ես կարող եմ փաստել, որ այսօր գոյություն ունեցող լուրերի 24-ժամյա թողարկումը կարող է անզգա, դժվարանում եմ այլ բառ գտնել, լսարան ձևավորել: Դա դառնում է պարզապես թվերի խնդիր: Վեց միլիոն փախստական: Սա պարզապես թիվ է: Առավել կարևոր ու արդյունավետ է լինում, երբ մի փոքր տղայի են ներկայացնում, նա մահացել է ու նրա մարմինն ալիքներն են ափ նետել: Ժամանակ են հատկացնում խնդրի լուսաբանման համար: Հետո հասկանում ենք, որ ՄԱԿ-ը բավարար աշխատանք չի կատարել փախստականների հարցով: Ահավոր է, երբ տեսնում ենք, թե ինչպես ենք արձագանքում փախստականների ճգնաժամին: Ես հավատում եմ, որ մենք մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ պատմությունները ներկայացնում ենք թվերով: Օրինակ, մի քանի օր առաջ էլ հայտնեցին, որ նավի խորտակման հետևանքով 500 մարդ է մահացել: Դրանից հետո ալիքը փոխում ես, ու անցնում մյուս նորություններին»,-ասաց Քլունին:
Նրա խոսքով, թվերով խոսելու փոխարեն պետք է ներկայացնել մահացածներից կամ տուժաներից մեկի պատմությունը, ով փորձել է մի քանի մարդու կյանք փրկել:
«Պետք է խոսել ոչ թե մեծ թվերի մասին, այլ կոնկրետ դեպքերի, մի մարդու պատմության: Երբ նայում եք այդ մարդու աչքերի մեջ, իրավիճակն ամբողջովին փոխվում է: Ես գտնում եմ, որ այս առումով աշխատանքներ պետք է իրականացվեն»,-ասաց հայտնի դերասանը:
Նա պատմեց, որ իր հայրը լրագրության հետ կապ է ունեցել, ասաց՝ հարգանքով է վերաբերվում հեռուստանորություններին:
«Եթե հիմա Միացյալ Նահանգներում միացնեք հեռուստացույցը, ապա կտեսնեք, որ նրանք ժամանակ չեն տրամադրում սիրիացի փախստականների խնդիրների, «Բոկո Հարամ»-ից տուժածների լուսաբանմանն ու ներկայացմանը: Երբեմն խոսում են «Իսլամական պետության» մասին: Բայց իրականությունը հետևյալն է, միացնում ենք CNN-ը, տեսնում ենք դատարկ ամբիոն: Սպասում ենք, որ Դոնալդ Թրամպը խոսի: Ինչո՞ւ չեն կարող Թրամփին սպասելու ժամանակը տրամադրել այն ընտանիքի մասին պատմող ռեպորտաժին, որը պայքարում է, որպեսզի կարողանա Հալեպից դուրս պրծնել: Նրանք մարդիկ են, որ հենց այնպես չեն հեռանում: Հեռանում են, որովհետև այդտեղ մահանում են, հեռանալիս վտանգում են իրենց կյանքը: Ես հուսով եմ, որ մենք՝ որպես նորությունների ու կինոարտադրության մարդիկ պետք է կենտրոնանանք ավելի գլոբալ խնդիրների վրա, քան ընտրություններն են»,-ասաց Քլունին:
Նրա պատասխանը կարծես դուր եկավ հեղինակավոր պարբերականի խմբագրին. «Շնորհակալություն, Ջորջ: Եթե դադարեք կինոդերասան լինելուց, եկեք «The Washington Post»: Ես Ձեզ որպես լրագրող աշխատանքի կընդունեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
- Սերժ Սարգսյան. Հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է կորուստների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում
- Սերժ Սարգսյան. Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության
- ՀՀ նախագահ. Պետք է հասնենք նրան, որ ատելության սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում
- Ջորջ Քլունին Երևանում վայրէջք կատարելուց հետո առաջինը գնացել է «Թումո»
- Ջորջ Քլունին Երևանում է
- Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան
- Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան գլոբալ ֆորումի ընթացքում. փոխնախարար