«Ավրորա». New York Times-ի թղթակից Կալիմակին պարգևատրվել է «Սկզբունքային լրագրության» մրցանակով
Այսօր Լրագրողների միջազգային կենտրոնը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիր է հռչակել Ռուկմինի Կալիմակիին։ New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին նշյալ մրցանակը կտրվի «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ՝ մեծարանքի արժանանալով մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ունեցած բացառիկ ավանդի համար։
Մրցանակաբաշխության կազմակերպիչների հաղորդմամբ, ԼՄԿ «Սկզբունքային լրագրության» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային վիճակում գտնվող վայրից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն, ինչպես նաև ազնվությանը, արդարությանն ու ազատությանը անհողդոդ նվիրում ցուցաբերած լինի։
«Կալիմակիի լուսաբանումը աշխարհի ուշադրությունը անհավատալի չարաշահումների վրա սևեռելու գործում լրագրության ունեցած ուժի վառ օրինակ է»,--ասել է ԼՄԿ նախագահ Ջոյս Բարնաթանը։ «Նրա աշխատանքը թույլ է տալիս հուսալ, որ զոհերի ձայնը կլսվի և նրանք պաշտպանված կլինեն»։
Նրա գործունեությունը բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի էությունը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, բացահայտել Աֆրիկայից Միացյալ Նահանգներ մանկական թրաֆիքինգի բազմաթիվ դրվագներ և ականատեսի վկայություններ վերհանել Կոտ դ’Իվուարից մինչև Մալի կառավարությունների և ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածների մասին։ Գիտակցելով հանդերձ, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբեւէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելու խորը շարժառիթով։
«Ես, որպես լրագրող, չեմ կարծում, որ երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում։ Իսկ պարգևդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա»,– ասել է Կալիմակին։ «Ինձ համար սա մեծագույն պատիվ է, և ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։
«Սկզբունքային լրագրության» մրցանակը ծնվել է ԼՄԿ-ի և 100 LIVES-ի համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների եւ փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանում մարդասիրությունը։ 100 LIVES-ը և «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայ ժողովրդի բեկորներին։
«Լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու և մեղմացնելու համար»,– նշում է 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը- «Ռուկմինի Կալիմակիի հանձնառնությունը մարդկության դեմ իրականացվող սոսկալի ոճիրները բացահայտելու գործում իսկապես օրինակելի է: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց անխոնջ հետեւողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց գործելու և միջամտելու»։
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues . «Ինչո՞ւ անտեսել կնոջ տաղանդը»
- Aurora Dialogues.«Փախստականների համար կարևոր խնդիր է կրթության հարցը»
- Aurora Dialogues. «Կանխել հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա»
- Aurora Dialogues. «Շատ հազվադեպ է, որ հակամարտությունները լուծվում են ռազմական հաղթանակով»
- Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին