«Ավրորա»-ի դափնեկիր. Որևէ բան չի կարող հաղթել սիրուն... ոչինչ
«Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որևէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»,- Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ ասաց Մարգարիտ Բարանկիցեն:
Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն, ըստ auroraprize.com կայքի, նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):
«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետև նրանք աջակցում են ինձ և երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես եւ Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն եւ մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին իր խոսքում նշեց. «Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող հալածանքների և անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»:
Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
Հյուրերը մեծարանքի արժանացան նաև մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:
«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների և ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,- ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:
Նա նշեց, որ հպարտ են, որ պատիվ են ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին և աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին. « Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն էին՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից,Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
- «Ավրորա»-ի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա. «Վստահ եմ, որ մի օր միասին մենք կփոխենք աշխարհը»
- «Ավրորա». New York Times-ի թղթակիցը ստացավ իր մրցանակը
- «Ավրորա», ուղիղ եթեր. SYOA-ի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվել են զոհված զինվորների նկարները
- «Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար. Շառլ Ազնավուր
- «Ավրորա». New York Times-ի թղթակից Կալիմակին պարգևատրվել է «Սկզբունքային լրագրության» մրցանակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին