Արմեն Պետրոսյան. Ներկայիս Թուրքիան սրբագրում է իր իրավանախորդի ցեղասպանական գործողությունները
Արդեն 5 տարի շարունակվող սիրիական հակամարտության շրջանակներում Թուրքիայի ներգրավվածության, եթե ոչ առաջնային, ապա երրորդական, հինգերորդական նպատակներից մեկը Սիրիայի հայ համայնքի ներկայությունը, հոգևոր, մշակութային հարստությունը վերացնելուն միտված նպատակային գործողություններն են: Panorama.am-ի թեղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
«Թվարկենք ընդամենը մի քանի գործողություններ՝ 2014թ. մարտին քեսաբահայերի տեղահանման, հայրենազրկման անհաջող փորձը, որն իրականացվեց Թուրքիայի տարածքից, վերջինի կողմից հովանավորվող սիրիական հակակառավարական որոշ զինված խմբավորումների ձեռքով, դրանից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, նույն Թուրքիայի աջակցությունը վայելող «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կառույցի կողմից Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցական համալիրի պայթեցումը, որտեղ ամփոփված էին հազարավոր հայորդիների մասունքները, և առհասարակ՝ պատմական հայրենիքին աշխարհագրորեն ամենամոտը գտնվող, հայ Սփյուռքի մայր գաղութը հանդիսացող հալեպահայության դիքերը ամեն կերպ թուլացնելու, համայնքը նոսրացնելուն միտված նպատակային գործողությունները, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ այսօրվա Թուրքիայի Հանրապետության կողմից իր իրավանախորդի՝ Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողությունների սրբագրում»,- նշեց արևելագետը:
Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ «Թուրքական իշխանություններն իրենց կարևորագույն նպատակներից են համարում վերը նշված իրողությունների յուրովի լուծումը՝ որդեգրելով համապատասխան գործելաոճ՝ ամեն կերպ վերացնելով 1 դար առաջ իրագործված Հայոց ցեղասպանության հետքերը Սիրիայի և պատմական Միջագետքի տարածքներում, որոնք ցցուն ապացույցներ, կանգուն վկայություններ էին ամբողջ մարդկության աչքի առջև»:
«Թուրքիայի նշված գործելաոճը, ինչպես նաև մեր օրերում Մերձավոր Արևեքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից տեղի ժողովուրդների, կրոնադավանական փոքրամասնությունների հանդեպ իրականացվող ցեղասպանական գործողությունները և առհասարակ նախորդ դարի ընթացքում տեղի ունեցած նմանատիպ այլ ոճրագործությունները կարող էին չկրկնվել, եթե միջազգային հանրությունը ժամանակին համարժեք գնահատական տար, արդարացիորեն պատժեր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին»,- եզրափակեց Ա. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում