
Կիպրոսի խորհրդարանի խոսնակը դատապարտում է Թուրքիայի ժխտողականությունը Հայոց Ցեղասպանության հարցում
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուն հայտարարել է, որ «բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար»։ CNA գործակալության հաղորդմամբ, այս մասին կիպրոսցի պաշտոնյան հայտարարել է Նիկոսիայի հայկական եկեղեցում Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառմանը՝ զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ։
Օմիրուն վերահաստատել է Կիպրոսի համերաշխությունը հայ ժողովրդին՝ միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելի դարձնելու հարցում, միաժամանակ բարձր գնահատելով Կիպրոսում հայ համայնքի դերակատարությունը երկրի տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներում։
Իանակիս Օմիրուն անդրադարձել է նաև օսմանյան թուրքերի կողմից հայերի բնաջնջման բաբարոս մեթոդներին, նշելով թե չնայած դրան «հայերն, այնուամենայնիվ, ստեղծեցին պետություն հարուստ մշակույթով, քաղաքակրթությամբ և մեծագույն նվաճումներով»։
Ներկայացուցիչների պալատի նախագահը, ցավով ընդգծել է, որ չնայած պատմական անհերքելի փաստերին, անցյալում տեղ գտած հանցագործությունները մինչ օրս անպատիժ են մնացել։