Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել. Շ. Քոչարյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տարածքներ հանձնելու մասի լուրերը:
Քոչարյանն ասաց, բազմիցս է այդ մասին հայտարարվել, որ սեղանին այս պահին դրված են այն խնդիրները, որոնք վերաբերում են 1994 և1995 թվականներին կնքված զինադադարի ռեժիմի ամրապնդմանը:
«Խոսքը վերաբերում է 2011 թվականին ԵԱՀԿ կողմից արված առաջարկություններին, այն է՝ դիպուկահարների հետ քաշումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, եթե անհրաժեշտ է, նաև սարքավորումների տեղադրումը: Մի խոսքով, շատ պարզ է: Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել»,- ասաց փոխարտգործնախարարը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորավածությունը վերջին օրերին անընդհատ խախտվում է, Շ. Քոչարյանը մանրամասնեց, որ կան երկու տիպի խախտումներ՝ խախտումներ, որոնք անընդունելի են, բայց վերջին շրջանում կարծես ավանդույթ են դարձել, և ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը եղավ ապրիլի 2-5-ը:
«Ես պետք է հիշեցնեմ, որ 1994 թվականին կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրում գրված է, որ կողմերը եկան համաձայնության ոչ միայն կրակի դադարեցման հարցի վերաբերյալ, այլ վերջ տալ ռազմական գործողություններին: Ամեն դեպքում ոչ կրակի դադարեցման վերաբերյալ խախտումներն են ընդունելի, ոչ էլ ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Շ. Քոչարյանն ընդգծեց, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է:
«Բնական է, որ այդ հարցում հայությունը, որպես ամենադաժան ցեղասպանությունը տեսած ազգ, պետք է լինի առաջին շարքերում»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան