Կանադայում շարունակվում է «Գործողության 101 ժամ» ակցիան
Կանադայի Հայ երիտասարդների ֆեդերացիան ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ակցիա է կազմակերպել Օտտավայում: Այս մասին հայտնում է Armenian Weekly պարբերականը:
Ավելի քան 100 ակտիվիստներ Կանադայի մայրաքաղաքի մարդաշատ փողոցներում ու խաչմերուկներում Հայոց ցեղասպանության և Թուրքիայի շարունակվող ժխտողական քաղաքականության մասին իրազեկման թռուցիկներ են բաժանել մարդկանց:
«Գործողության 101 ժամ» անվանումը կրող ակցիայի նպատակը ողբերգական իրադարձությունների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր:
Նույն օրը երեկոյան ժամը 18-ին ակտիվիստները պարաններով միմյանց կապված ակցիա են իրականացրել, որը խորհրդանշում էր Ցեղասպանության ժամանակ հայերի զանգվածային տեղահանումը: Երթն ավարտվել է Ռիդո կենտրոնի մոտ, որտեղ ակցիայի մասնակիցները բեմադրել են զանգվածային մահ՝ պառկելով գետնին:
Կանադայի հայ երիտասարդների ֆեդերացիան մտադիր է իր ակցիաները շարունակել ողջ գիշերվա ընթացքում: Երիտասարդների խումբը նաև մոմերով երթ է իրականացրել դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ ապրիլի 24-ին հավաքվում են հազրավոր կանադացիներ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: