Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կիպրոսի պատվիրակությանը
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսին ու Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի:
Նորին Սրբությունը, ողջունելով Կիպրոսի ներկայացուցիչներին, նշել է, որ հաճելի է հայ ժողովրդի համար նվիրական օրը` ապրիլի 24-ին, տարբեր ժողովուրդների պատվիրակների տեսնել Հայաստանում: Վեհափառ Հայրապետը խոսեց երկու բարեկամ ժողովուրդների պատմական համանմանությունների մասին` հավելելով, որ քաջատեղյակ է Կիպրոսի նկատմամբ գործված անարդարություններին և կրած մեծ կորուստներին: Հայոց Հայրապետը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության տարիներին Հայ Եկեղեցու վիթխարի կորուստները և դրանց վերականգնման ուղղությամբ վերջին տասնամյակներին տարված աշխատանքները:
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ երկու քրիստոնյա ժողովուրդների հավատքով ու պետությունների զորացմամբ, ինչպես նաև միջազգային խաղաղասեր հանրության գործադրած ազնիվ ջանքերի շնորհիվ արդարությունը կվերականգնվի:
Իր հերթին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավորն անդրադարձել է միջազգային համաժողովից ստացած իր տպավորություններին` Կիպրոսի ժողովրդի զորակցությունը վերստին փոխանցելով հայությանը: Պրն. Ֆիտիսը խոսել է նաև Կիպրոսի հայ համայնքի գործունեության մասին, կարևորել Հայ Առաքելական և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները:
Այնուհետև օրվա խորհրդի շուրջ իր սրտի խոսքը Նորին Սրբությանը փոխանցել է Կիպրոսի համալսարանի ռեկտորը` հատկապես անդրադարձ կատարելով միջմշակութային և կրթական ծրագրերի համատեղ իրականացմանը, Կիպրոսի համալսարանի կողմից հայոց լեզվի դասավանդմանը, ինչպես նաև ուսանողների փոխանակման վերաբերյալ մտադրություններին:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես ապրիլի 2-6-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների մասին, որոնք համայն հայության շրջանում ընդվզում և դատապարտության ոգի հարուցեցին:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: