Հայաստանը պետք է դառնա միջազգային մարդասիրության կենտրոն. Նուբար Աֆեյան
Մենք առաջին քայլերն անում ենք, որպեսզի Հայաստանը դարձնենք աշխարհում միջազգային մարդասիրության կենտրոն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Նրա խոսքերով՝ այդ քայլով ցանկանում են ցույց տալ, որ հայերն առաջ են գնում. «Անշուշտ ուզում ենք ապացուցել, որ մենք որքան ավելի լավ ենք աշխատում, ավելի լավ, ազնիվ քայլեր ենք անում, այդքան մեր թշնամիները ավելի վատ քայլեր են անում: Եվ թող աշխարհը տեսնի մեր մեջ եղած տարբերությունը»:
Անդրադառնալով «Ավրորա» մրցանակաբաշխությանը, ինչպես նաև Aurora Dialogues խորագրով ֆորումի ժամանակ հնչած զեկույցներից հետո մարդկանց մտածելակերպի փոփոխությանը, Նուբար Աֆեյանն ասաց, որ այդ զեկույցներից, հրապարակումներից հետո շատ բան կփոխվի:
«Տարբեր մարդիկ գալիս են այստեղ, տեսնում են հայի ոգին, մեր տառապանքը, հավատը և այդ ամենը օգնելու է, որ մարդկանց մեջ շատ բան փոխվի: Անշուշտ աշխարհը մեզ օգնելու է, ճանաչելու է և մեզ ուշադրություն է դարձնելու»,- նշեց Նուբար Աֆյանը:
Նրա խոսքերով՝ «Ավրորան» դառնալու է ամենամյա մրցանակաբաշխություն և անելու են ավելին, որպեսզի իրենց առջև դրված նպատակը կյանքի կոչվի: Իսկ դա, ըստ նրա, մարդասիրությունն է, որի կենտրոններից մեկը պետք է դառնա Հայաստանը:
Նուբար Աֆյանը նշեց նաև, որ նախատեսում են այլ ծրագրեր ևս իրականացնել: