Ջահերով երթեր՝ Ջավախքում
Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության Ախալքալաքի շրջանային վարչությունը նախօրեին կազմակերպել էր Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ավանդական դարձած, ոգեկոչման, պահանջատիրական ջահերթ, որին մասնակցել են շրջանի հազարավոր երիտասարդներ, Ախալքալաքի կրթամշակութային ԵԿ-ի սաներ ու մանկավարժներ, ՎՀՕՄ-ի անդամներ, շրջանի հոգևոր հայրեր, բազմաթիվ աքալքալաքցիներ: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:
Ջահերթի մասնակիցներն ունեցել են նաև բողոքի ու պահանջատիրական տարբեր բովանդակությամբ ցուցապաստառներ: Երթի մասնակիցների կոչերի ու ելույթների պահանջն ու կոչն էր Վրաստանի պետությանն ու ամբողջ աշխարհին՝ ճանաչել Ցեղասպանությունը, որով միայն կկանխարգելվի հետագա ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:
Նույն աղբյուրի համաձայն, նախօրեին ջահերով երթ է կազմակերպվել նաև Ախալցխայում: Ջահերով երթի ժամանակ մարդկանց թիվը անցնել է մի քանի հազարից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի բոլոր գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։
Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետությունների եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրացել են Մարդա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:
Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հոգևորականնեի աղոթքից ու խոսքից հետո հանդես են ելույթներով, նաև դատապարտող ելույթներ են հնչել ահաբեկիչ Ադրբեջանի հասցեին: Հավաքվածները նաև երգել են հայրենասիրական երգեր՝ փաստելով, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է և այս դժվար օրերին բոլորը մեկ մարդու նման կանգնած են Արցախի կողքին:
Ջահերով երթը՝ Ախալքալաքում
Ջահերով երթը՝ Ախալցխայում
Լուսանկարները՝ akhaltskha.net-ից: