Միլսը՝ Օբամայի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայտարարության մասին
«Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը»,- Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայտարարության մեջ:
Ըստ դեսպանի, ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք, արդարացի և ամբողջական կերպով ճանաչվեն անցյալի դեպքերը:
Պատասխանելով հարցին, թե այդպիսով Բարաք Օբաման գուցե չի՞ ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանն ասաց. «Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը: Այստեղ լինելով և հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով՝ մեկ անգամ ևս վերահաստատում ենք այդ հանձնառությունը»:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին