Հայաստանի հզորացումն ու Ղարաբաղի ինքնապաշտպանությունը մեր պահանջատիրական պայքարի հիմքն է. Արամ Առաջին
«Արթուն եղիր, հայ ժողովուրդ, մենք մնայուն պատերազմի մեջ ենք: Մենք շրջապատված ենք տեսանելի և ոչ տեսանելի թշնամիներով: Մենք բարեկամներ չունենք»,- այսօր առավոտյան Անթիլիասի Մայրավանքի առջև հավաքված հոծ բազմությամբ առջև ունեցած ելույթում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Նա նշել է, որ ինչպես պատմության ընթացքում, այսօր ևս Հայաստանը կռվախնձոր է շրջանային, միջազգային գերուժերի շահերի միջև:
«Այս դառն իրողության մեջ մենք պետք է վստահենք մեր ուժին: Այս է հիշեցնում մեզ մեր պատմությունը, այս է թելադրում մեր կյանքի ներկայիս պայմանները: Մեր կյանքը պետք է համապատասխան կերպով կազմակերպենք և մեր առաջնահերթությունները ճշտենք: Մենք թույլ չենք տա, որ ցեղասպանը փորձի մեր արյունով ազատագրված հողերից ներս մտնի, մեր պետականությունը տկարացնի և մեր պահանջատիրությունը նստեմացնի:
Արդ, անհրաժեշտ է դիմել հետևյալ քայլերին՝
Հայոց բանակի հզորացումն անհետաձգելի և հրամայական անհրաժեշտություն է: Ի՞նչ պետք է պատահեր մեր ժողովրդի հետ, եթե Ղարաբաղի ճակատների վրա մեր հերոս տղաներն իրենց օրինակելի քաջությամբ, նույնիսկ իրենց արյան գնով չկռվեին թշնամու դեմ: Մենք թույլ չպետք է տանք, որ նոր ջարդ կատարվի մեր ժողովրդի դեմ:
Հայաստանի դիվանագիտական հարաբերություննեը պետք է դառնան ավելի ազդեցիկ և մարտունակ: Այս ուղղությամբ Ափյուռքն իր ունեցած հարուստ փորձառությամբ կարող է օժանդակել Հայաստանի արտաքին հարաբերություններին, հատկապես Հայոց ցեղասպանության հետ աղերս ունեցող աշխատանքների գծով:
Ներկա համաշխարհայնացած աշխարհում քարոզչական պատերազմը մեծապես ազդեցիկ դեր ունի տնտեսական, քաղաքական, զինվորական ազդակների կողքին: Մեր քարոզչական աշխատանքները ևս պետք է դառնան ավելի կազմակերպված և աշխույժ:
Հետևաբար՝ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը, մեր ամբողջ կարողությունները և բոլոր կարելիություններն ի սպաս դնել այս նվիրական նպատակին: Համահայկական այս նպատակի իրագործումը պահանջում է մեր ժողովրդի ուժերի մեկտեղում, աշխատանքների ներդաշնակում և միասնականության ամրապնդում: Սա լոզունգ չէ, այլ գործի հրավեր. և այսօր, վաղն արդեն ուշ է: Հարկավոր է արթուն լինել, հարկավոր է լինել նաև իրապաշտ: Զգացական և պարագայական մոտեցումները կարող են Հայաստանն ու Ղարաբաղն ավելի վտանգավոր կացությանների դիմաց դնել և մեր ժողովրդին նոր տագնապների առաջնորդել:
Ղարաբաղի պաշտպանությունն ու նրա անկախության ամրացումը ճակատագրական կարևորություն ունի Հայաստանի համար, ինչպես Հայաստանի Հանրապետության հզորացումն իր բոլոր բնագավառներով, ներքին, թե արտաքին ճակատներով առանցքային նշանակություն ունի մեր ազգային պահանջատիրական պայքարի համար: Այս պետք է դառնա մեր համահայկական քաղաքականությունը: Այս է Հայաստանի և Ղարաբաղի ինքնապաշտպանության և հզորացման ճանապարհը, այս է մեր ժողովրդի իրավունքների հատուցման ճանապարհը»,- իր խոսքում ասել է Արամ Առաջինը:
Արամ Առաջինի ելույթն ամբողջությամբ՝ կաթողիկոսարանի պաշտոնական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի