Վարչապետ. Մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի մեր բանակը զինելու
«Իշխանությունը որևէ մեկին չի հովանավորել ու չի հովանավորում, որ ինքը հարկեր չվճարի և ապօրինի հարստանա: Մենք դեմ ենք, դեմ ենք եղել, դեմ ենք լինելու, և յուրաքանչյուր նման դեպք, որ կհայտնաբերենք, օրենքի լիովին խիստ պահանջով կպատժենք»,-Ծեծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողներից մեկը նկատեց, որ վարչապետի անունն էլ շրջանառվում է որպես մեծ ունեցվածքի տեր:
«Ես կարծում եմ, ձեր հարցը անտրամաբանական է, անհիմն է և նաև կոռկետ չէ: Որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, իր դիրքից հարստություն է կուտակել: Ես չեմ լսել, որևէ քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կանգնի ու ասի, որ վարչապետը այս ծրագրերն է իրականացրել, այս մոնոպոլիան ունի և հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որևէ քաղաքացի, քաղաքական ուժ նման հարցադրում կանի հիմնավոր, ես պատրաստ եմ պատասխանել»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ապրիլի 13-ին լրացել է իր պաշտոնավարման երկու տարին. «Ես նորից եմ ուզում բոլորին ասել, նաև հանրությանը, ես որևէ քայլ չեմ իրականացնելու, որ հետո ամաչեմ»:
Կառավարության ղեկավարը նշեց, որ իր ունեցվածքի վերաբերյալ հարցերին բազմիցս պատասխանել է, այդ բոլորը հայտարարագրում հիմնավորված կա. «Դուք կարող եք ծանոթանալ, ոչ թե հավատալ անհիմն հերյուրանքներին»:
Լրագրողները գործադիրի ղեկավարին հարցրեցին, եթե հարկ լինի, արդյոք պատրաստ է վաճառել իր ունեցվածքի մի մասը բանակի սպառազինության համար: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ եմ, բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի մեր բանակը զինելու համար: Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք, դուք ձեր քայլերով, սուտ տեղեկատվությամբ մարդկանց, հասարակությանը, քաղաքական ուժերին տանում եք դեպի… Ձեր պահվածքը բերում է մի երևույթի, որ դառնում է անկառավարելի: Ձեր սուրբ գործը, պարտականությունը մարդկանց ճիշտ ինֆորմացիա տրամադրելն է, իսկ դուք մտածում եք՝ ինչ-որ սուր հարցեր տաք, ձեր հեղինակությունը բարձրացնեք: Սա իհարկե բոլորին չի վերաբերում»:
Վարչապետն ասաց, որ բանակի սպառազինությունը բնականոն հունով գնում է. «Մենք որևէ խնդիր չենք ունենալու: Մի քանի անգամ ասել եմ, ևս մեկ անգամ ասում եմ այն մարդկանց, ովքեր վատ են ընկալում: Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք մեր բանակը սպառազինելու: Դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա: Ես խնդրում եմ ձեզ նաև դա փոխանցեք հանրությանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին