
«Ավրորա», ուղիղ եթեր. SYOA-ի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվել են զոհված զինվորների նկարները
««Ավրորա» մրցանակաբաշխությունը մեկնարկեց Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ» բալետից մի հատվածով, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա»,-այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Մրցանակաբաշխությանը ու ելույթներին կարող եք հետևել ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ:
«Ավրորա» մրցանակաբաշխությանը Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի (State Youth Orchestra of Armenia SYOA)-ի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվեցին Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումների արդյունքում զոհված զինվորների նկարները։
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:
«Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի հաղթողին կշնորհի 100,000 ԱՄՆ դոլարի պարգևը։ Ապա դափնեկիրը հարթակ կհրավիրի իր առաջադրած կազմակերպությանը կամ կազմակերպություններին՝ ստանալու 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։