Պատահականություն չէ, որ Բան Կի Մունը չի այցելում տարածաշրջան. Կիրո Մանոյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզին տեղի ունեցած ռազմական գործողությունները և դրանց միջազգային հանրության արձագանքը ցույց տվեց նաև, որ միջազգային հանրության մի մասը մեղսակցում է Ադրբեջանին: Այդ կարծիքին է ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Միջազգային հանրության մի մասը, ես կասեի, մեղսակցում է Ադրբեջանին, պատշաճ վերաբերմունք ցույց չի տալիս Ադրբեջանի նկատմամբ հատկապես նկատի ունենալով Բաքվում առաջիկայում կայանալիք ՄԱԿ-ի ֆորումը: Մենք իսկապես պետք է պահանջենք միջազգային համայնքից պատշաճ, ադեկվատ վերաբերմունք ցույց տալ, որովհետև ի վերջո, այս ամբողջը իրենց դեմ է ուղղված լինելու», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Մանոյանը:
Նրա խոսքով, եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, ապա դա միայն կարող է լինել Ադրբեջանի նախաձեռնությամբ, իսկ պատերազմի հետևանքները անկանխատեսելի են:
«Միջազգային համայնքին բավական մեծ հարված կլինի նման պատերազմը, դրա համար էլ Ադրբեջանի այս վերաբերմունքին միջազգային համայնքը պետք է ճիշտ գնահատական տա, ճիշտ վերաբերմունք ցուցաբերի և դադարի մեղսակից լինել», -նշեց Կիրո Մանոյանը:
Դիտարկմանը, թե այդուհանդերձ միջազգային համայնքը անդրդվելի է և փաստորեն աչք է փակում ամենի վրա, Մանոյանը նկատեց. «Դա այդքան էլ ճիշտ չէ: Ես կարծում եմ` պատահականություն չէ, որ Բան Կի Մունը չի այցելում տարածաշրջան»:
Հարցին, թե կարծում է, որ Ադրբեջանի գործողություննե՞րն են եղել պատճառը, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի այցելում տարածաշրջանի երկրներ, Մանոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր այդ քայլով վերաբերմունք ցույց տվեց և հրաժարվեց մասնակցել ՄԱԿ-ի ֆորումին»:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումին:
«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»,-ասված էր հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Բան Կի Մունի միջև
- Էդվարդ Նալբանդյանը՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի մասին
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան