Մենք պետք է անենք այն, ինչը բխում է մեր շահերից, իսկ դա զինվելն է. Հարութ Սասունյան
«Ներեցեք, ինձ չի հետաքրքրում ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը: Ինձ հետաքրքրում է, թե մենք ինչ ենք անում և ինչու ենք անում: Եթե մենք ուժեղ ու պատրաստ լինենք, ոչ մեկ չի համարձակվի մեզ վրա հարձակվել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր, հրատարակիչ, ամերիկահայ Հարութ Սասունյանը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան ռազմական գործողությունները:
Ուժեղ ասելով, Սասունյանը նկատի ունի հայկական զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկայով հագեցվածությունը:
«Ազերները պետք է տեսնեն, որ մենք ուժեղ ենք և հարձակվելու դեպքում կարող են վնասով դուրս գալ: Բայց եթե մտածում են, թե մենք թույլ ենք , հարձակվում են ու այդ ժամանակ մենք զոհեր կարող է տանք, մեծ թվով զոհեր: Ինձ չի հետաքրքրում, թե իրենք ավելի մեծ զոհեր են տալիս, մեր տղերքը մեզ համար շատ կարևոր են ու մենք չենք ուզում զոհեր տալ: Դրա համար մենք պետք է ուժեղ լինենք ու լավ պաշտպանենք սահմանները, անակնկալի չգանք, լավ հետախուզություն ունենանք և թշնամին եթե մի հատ հարվածի մենք հարյուրը հարվածենք: Եթե մենք թույլ վարվենք այդպես մենք կքաջալերենք, որ թշնամին նորից հարձակվի», -ասաց ամերիկահայը:
Նա նկատեց, թե չի մեղադրում Թուրքիային, որը բացահայտ սպառազինում, օգնում, պաշտպանում է իր եղբայր Ադրբեջանին, քանզի «թշնամուն մեղադրելով ի՞նչ պետք է շահես»: Թուրքիան իր շահերն ունի և առաջնորդվում է ըստ այդմ: Ինչպես Ռուսաստանի պարագայում է:
«Ես էլ դեմ եմ, որ Ռուսաստանը զենք է վաճառում, բայց և Ռուսաստանը, և Իսրայելը անում են այն, ինչ բխում է իրենց շահերից: Եկեք մենք էլ արդեն ի վերջո մտածենք մեր շահերի մասին: Մենք պետք է անենք այն, ինչը բխում է մեր շահերից, իսկ դա զինվելն է, լավ պաշտպանվելը, որ որևէ մեկը չհամարձակվի մեզ վրա հարձակվել: Այո, մեր հույսը մեր միակ հույսը մեր զենքը պետք է լինի, որովհետև շրջապատված ենք բարբարոս ժողովուրդներով», -նշեց Սասունյանը:
Նրա խոսքով, այդ «բարբարոս ժողովուրդները» հավատարիմ չեն բանակցությունների տրամաբանությանը, իրենք միայն հավատում են «մարդ սպանելուն, մարդկանց ականջները կտրելուն, գլխատելուն»:
Թշնամին, Սասունյանի պնդմամբ, հասկանում է միայն զենքի լեզուն, իսկ նրա հետ պետք է խոսել զենքի լեզվով:
«Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային ատյաններն ինչ են ասում այդ կապակցությամբ, եթե ասենք թե ասեն՝ Ադրբեջանը խախտել է զինադադարը, ի՞նչ պետք է շահենք: Դա ժամանակի կորուստ է: Մենք այդպիսով երկրորդական, անիմաստ հարցերով ենք զբաղվում: Ինչո՞ւ Մինսկի խումբը չի ասում, որ ազերները կրակել են: Լավ, եթե վաղը այդ խումբը այդպես հայտարարի, ի՞նչ պետք է անենք այդ հայտարարությունը: Ի՞նչ կտա դա մեզ: Թող մենք առաջինը կրակենք, ինչո՞ւ չենք կրակում: Ի՞նչին ենք սպասում, որ հրազենները կրակեն մենք հակադարձե՞նք, չթողնենք, որ առաջ գա՞ն:
Էդ բոլոր տեխնիկան, որ սահմանին կուտակել էին, ինչո՞ւ մենք այդ ժամանակ չհարձակվեցինք և բոլորը չկործանեցինք, նախքան կկրակեին մեզ վրա: Սպասեցինք, որ սպանեն մեր տղոց, հետո հակադարձեցինք: Իրենք չեն ամաչում, որ սկսել են, ինչո՞ւ մենք պետք է ամաչենք: Մենք սկսենք, թող միջազգային ատյանները մեզ սկսեն մեղադրել, ոչինչ, հոգ չէ, որ մեղադրում են:
Մենք պետք է շատ ագրեսիվ վարվենք, որովհետև թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում: Ամեն ինչ պետք է այնպես անենք, որ թշնամին հասկանա, եթե հարձակվի, շատ ավելի մեծ կորուստ է ունենալու», -հավելեց ամերիկահայ հասարակական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին