Ֆորումի մասնակիցները, ելույթները վկայում են, որ ՀՀ-ն կարող է դառնալ ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն. Մանոյան
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հույս ունի, որ այս տարի Գերմանիան կմիանա այն պետությունների թվին, ովքեր հստակ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հույս հայտնեց, որ այս տարվա հունիսի քննարկումներից հետո Բունդեսթագը ճիշտ որոշում, բանաձև կորդեգրի:
Կ. Մանոյանն ափսոսում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վերջին ուղերձում չարտասանեց Հայոց ցեղասպանություն բառը, միաժանանակ հավելեց, որ դա վարկաբեկիչ էր հենց Օբամայի համար. «Վկայաբերում է ուրիշների խոսքերը, Հռոմի պապին, բայց չի ասում ցեղասպանություն բառը: Եթե ցանկանա իր նախընտրական խոստումը կատարել, դեռ հնարավորություն ունի»:
«Անցած մեկ տարում մենք կարողացանք ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման վրա, նաև հատուցման, հետևանքների վերացման: Պետք է աշխատանքներ տարվեն այս ուղղությամբ: Ճիշտ է, որոշ աշխատանքներ կատարվում են, բայց անհրաժեշտ է նոր թափ տանք»,- ասաց Կ. Մանոյանը:
Պատասխանելով դիտարկմանը, թե որոշ պետությունների համար Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահարկումների առարկա է դարձել, նա նշեց, որ զարմանալ պետք չէ, ամեն պետություն իր ազգային շահն է հետապնդում, Հայաստանն էլ պետք է իրենը հետապնդի:
«Որոշ պետություններ պետք է ցանկանային այդ հարցը չարաշահել, դա էլ փաստ է, նման քաղաքականությունը պետք է դատապարտենք, չփորձենք ընթացք տալ»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ հնարավոր է նաև լինեն շահերի համընկնում:
Խոսելով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի ելույթի մասին, նա նշեց, որ առաջին անգամ է, որ Թուրքիայի խորհրդարանում նման ելույթ է հնչում, սակայն պատգամավորի անվտանգության համար մտահոգ է:
«Այս փաստը նաև վկայում է այն մասին, որ Թուրքիայի հայ համայնքում կա հատված, որ համարձակորեն կարողանում է պաշտպանել իր իրավունքները»,- ասաց նա:
Ըստ Կ. Մանոյանի, Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից նման ելույթը դեռ ուշադրություն կգրավի իր վրա, արձագանքները կտեսնեն:
Ինչ վերաբերում է Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին, «Ավրորա» մրցանակաբաշխությանը, Կ. Մանոյանի խոսքով, ֆորումը լավ ավանդույթ է դառնում և ճիշտ քայլ Հայաստանը ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն դարձնելու համար:
«Ֆորումի մասնակիցները, ելույթներն ընդհանուր առմամբ վկայում են այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ այդ կենտրոնը»,- ընդգծեց նա:
ՀՅԴ-ականը նշեց, որ Երևանում անցկացված երկու միջոցառումները բավականին լայն արձագանք են ունեցել միջազգային լրատվամիջոցներում:
«Մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանը շահագրգռված է ոչ միայն իր հարցերով, այլ նաև համամարդկային խնդիրներով, ցեղասպանությունների դեմ պայքարով: Վերջին տարիներին Հայաստանի դիվանագիտությունը, վերջին երկու տարվա նախաձեռնությունները, կարծում եմ, այդ ուղղությամբ ճիշտ պատգամ են փոխանցում միջազգային հանրությանը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին