Հրանտ Բագրատյանն առաջարկում է ԱԺ հրավիրել Խաչատուրովին
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին պատգամավորները դարձյալ հիշեցին ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները և դրանց վերաբերյալ իրենց ունեցած անպատասխան մնացած հարցերը:
Մասնավորապես, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանը առաջարկեց խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել:
«Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքը ութսունական թվականների է, թե ռուսները օգնում են Ադրբեջանին, դա իհարկե, դատապարտելի է, մենք էլ ենք դատապարտում: Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ զենքերից չէ, որ տվել ենք այդքան զոհեր: Չկա այնպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը իրիկունը ութից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք, մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա:
Մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ: Շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, բայց հասարակ կապի միջոց չկա, որ կար տասնյակ տարիներ առաջ: Զինվորները իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը մահերի պատճառ ա դառնում: Սա լուրջ թեմա է, և կարծում եմ, որ պետք է արտահերթ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում», -հայտարարեց Բագրատյանը:
Ի պատասխան Շարմազանովը նկատեց, որ հասկանում է` նախկին վարչապետը մտահոգված է այդ հարցով ու հիշեցրեց, որ այդ հարցի վերաբերյալ արդեն իսկ եղել են փակ քննարկումներ, ներկա է եղել Պաշտպանության փոխնախարարը, հնչել են քառասունվեց հարցեր, տրվել են դրանց պատասխանները:
Շարմազանովի խոսքով, ՊՆ-ն բաց է ու չկա մի հարց, որը չի քննարկվել ՊՆ ղեկավարության հետ:
«Պարզապես պետք է նպատակահարմարության մասին խոսենք: Չեմ կարծում, թե այս հարցի քննարկումը կօգնի օր առաջ լուծել մեր խնդիրները և էսպես հրապարակային հարցեր տալը նպատակահարմար չէ: Չեմ կարծում, թե ՊՆ ղեկավարությունը հրաժարվի պատասխանել ձեր հարցերին, ու ես պատրաստ եմ իմ աշխատասենյակը տրամադրել, որ միասին քննարկեք»,- հավելեց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան