Հայերին ուղղված ռասիստական արտահայտությունների պատճառով Շվեդիայում կփակվի թուրքական կազմակերպությունը
Շվեդիայի Թուրքական ազգային ասոցիացիան, որը հայտնվել է քննադատության թիրախում վերջերս հայերին ուղղված ռասիստական սպառնալիքների պատճառով, հնարավոր է պարտավորվի հետ վճարել պետությունից տարիների ընթացքում ստացած միլիոնավոր կրոնները, հայտնում է Sputnik News-ը։
Ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ, որի մասնակցել էին Շվեդիայում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ և թուրքեր, Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ։ Նրա՝ «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել էին ցույցի մասնակիցները։
Այս ամենը մեծ աղմուկ բարձրացրեց Շվեդիայում։ Լեյլանին ստիպված եղավ ներողություն խնդրել և հեռանալ կազմակերպության իր պաշտոնից, սակայն կազմակերպության նկատմամբ հետաքննություն սկսվեց՝ պարզելու՝ արդյո՞ք Թուրքական ազգային ասոցիացիան արտացոլում է ժողովրդավարական հիմնարար պահանջները։
Շվեդիայի Երիտասարդության և քաղաքացիական հասարակության ազգային գործակալության հաղորդակցության՝ MUCF, տնօրեն Անդերս Հագքուիստը նշել է, որ այդ հայտարարությունները համահունչ չեն մարդու հավասարության և մարդու իրավունքների հետ և այդ իսկ պատճառով էլ սկսվել է հետաքննություն՝ նշելով, որ նախկինում ևս ստացել են բողոքներ։
Չնայած այս բողոքներին՝ Թուրքական ազգային ասոցիացիան շարունակել է ստանել պետական աջակցություն՝ տարեկան կես միլիոն կրոնի չափով։ Ըստ «Nyheter24» կայքի, պետական աջակցության նպատակը եղել է Շվեդիայում ռասիզմի դեմ պայքարն ու ինտեգրացիայի խթանումը։ Նախորդ տարի կազմակերպությունը ստացել է 630,000 կրոն՝ մոտ 80 հազար դոլար։ Այժմ MUCF-ը նախատեսում է դադարեցնել ասոցիացիայի ֆինանսավորումը։ Թուրքական ասոցիացիայի քարտուղար Յասին Իպեկը շվեդական ռադիոյին ասել է, որ ֆինանսավորման դադարեցումը կազմակերպության համար կործանարար կլինի։
«Մենք, հավանաբար, դուրս կմնանք բիզնեսից և կդադարենք որպես ասոցիացիա գոյություն ունենալ»,-ասել է Յասին Իպեկը՝ նշելով, որ իրենք ոչ ռասիստ են, ոչ էլ ֆաշիստ և պետք չէ մեկի պատճառով պատժել ամբողջ կազմակերպությանը։