ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին
«Ընտրական օրենսգրքի նախագծի` տարբեր ձևաչափերով քննարկումները արդյունք չտվեցին, կոնսենսուս չկայացավ, քանի որ իշխանությունները մերժեցին ընդդիմության և քաղաքացիական հասարակության միասնական առաջարկությունները», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ-ին առաջարկեց հետաձգել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները` հաշվի առնելով, որ «Ղարաբաղի և Հայաստանի դեմ կիրառվում է արտաքին ագրեսիա և ներքաղաքական անխուսափելի լարումներ կարող են առաջացնել այդ խնդրի շուրջ քննարկումները»:
Ի պատասխան ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ափսոսանք հայտնեց, որ կոնսենսուս չի կայացել և չի բացառվում, որ այն կայանա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
«Մենք պատրաստ ենք քննարկել հարցը: Նաև պետք է տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ապա Ազգային ժողովն ամեն դեպքում պետք է շարունակի իր աշխատանքները», -հավելեց Շարմազանովը:
Երկրորդ անգամ ձայն խնդրելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք առկախում են իրենց մասնակցությունը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին:
«Իշխանությունները ըստ էության, չընդունեցին միասնական հինգ պահանջները, չգնացին որևէ փոխզիջման: Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությանը սպառնացող իրավիճակում ազգային համախմբման վերաբերյալ, պայմանավորված չէ իշխանության քայլերով և չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա:
Բայց մենք պահանջում ենք իշխանություններից սթափություն և ադեկվատություն առկա իրավիճակին: Ինչ վերաբերում է ԸՕ քննարկմանը, ՀԱԿ-ը չտեսնելով իշխանությունների կողմից համարժեք քայլեր, առկախում է իր մասնակցությունը օրենսգրքի քննարկմանը, քանի որ բանակցությունների արդյունքում ձեռք չի բերվել կոնսենսուս հիմնական հարցերի շուրջ», -հայտարարեց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին