Լիբանանի կառավարությունը ողջունում է Հայաստանում ներդրումներ կատարելը. Սեջեան Էլ Ազզի
Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վկայում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, և Հայաստանը պատրաստակամ է շարունակել Լիբանանի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը: Այս մասին այսօր նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում գտնվող Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզիի հետ հանդիպման ժամանակ: Հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և առկա ներուժի լիարժեք իրացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Իր հերթին Սեջեան Էլ Ազզին ընդգծել է, որ հայ և լիբանանցի ժողովուրդներին կապում է դարավոր պատմական բարեկամությունը, և Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու և ապագայում նման ոճրագործությունները կանխելու պայքարում:
Ազզին նշել է, որ Լիբանանը կարևորում է մեր երկրի հետ արդյունավետ փոխգործակցության խորացումը և տնտեսական կապերի ակտիվացումը: Նա նշել է, որ Լիբանանի կառավարությունը ողջունում է լիբանանցի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, և տեղեկացրել, որ իր այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում գործող լիբանանյան մի շարք ընկերությունների ղեկավարների, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մեր երկրում ծավալած գործունեության և ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր: