Ղարաբաղյան հարցի խաղաղ լուծմանը կարելի է հասնել ոչ միայն բանակցությունների միջոցով. ՀՅԴ-ական գործիչ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմը կողմերին հեռացրել է խաղաղ բանակցություններից, ինչի մասին ասել են նաև ՀՀ նախագահը, արտաքին գործերի նախարարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Եթե Ադրբեջանը ձախողեց ռազմական ճակատում, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ հաջողել է այն ճակատում, որ բանակացությունները տապալվել են, քանի որ նա դրան էր ձգտում: Ադրբեջանը փորձում է ասել, որ այսօրվա զինադադարի ռեժիմն այլևս 1994 թվականի եռակողմ պայմանագիրը չէ, այլ նոր երկկողմանի բանավոր համաձայնագիրը: Այն իրականում 1994 թվականի ռեժիմը վերականգնելու նպատակ ունի, բայց Ադրբեջանը խեղաթյուրում է ու ներկայացնում, թե նոր է: Այդպես Ադրբեջանն ուզում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղած լինել հավանական բանակցություններից»,- ասաց նա:
Կ.Մանոյանի խոսքով, Ադրբեջանը նաև դժգոհ էր բանակցային գործընթացից, այն մարմնից, որն իրականացնում էր բանակցությունները:
Նա նշեց, որ հարցի խաղաղ լուծման կարելի է հասնել ոչ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, այլ նաև եթե միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը նպատակ չունի հասնել հարցի լուծմանը խաղաղ ճանապարհով:
«ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տարվի»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը:
Ըստ նրա, այսօր բանակցություններ չկան, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը դիվանագիտական աշխատանք չունի անելու. «Այդ աշխատանքը պետք է լինի տարբեր հարթություններում ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ: Հայաստանի նախագահն ապրիլի սկզբի պատերազﬕ օրերին հայտարարեց, որ հանձնարարում է արտգործնախարարությանը մշակել ռազմաքաղաքական գործակցության պայմանագիր ԼՂՀ-ի հետ: Այդ գործը պետք է կանգ չառնի: Հայաստանը պետք է ցույց տա, որ պատերազﬓ իսկապես իրավիճակ փոխեց և ինքը տարբեր քայլեր պետք է ձեռնարկի»:
Տարածքների փոխզիջման մասին Կ.Մանոյանն ասաց. «Զարմանում եմ, երբ որ զարմանում եք տարածքների մասին խոսելիս: Դեռևս 2009 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հինգ հայտարարություն են արել, թե միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա ինչ քայլեր են առաջարկում կողմերին, որոնց մեջ կան նաև որոշ տարածքների վերադարձ: Բայց այսօր նման հարց գոյություն չունի, որովհետև բանակցություններ չկան: Պաշտպանության նախարարն էլ երեկ ասել է, որ որևէ բան չկա զիջելու»:
Կ. Մանոյանն ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է այն սկզբունքներին, որ հարցը պետք է խաղաղ կարգավորվի, ինքնորոշման իրավունքի հիման վրա, տարածքային ամբողջականությունը հարգվի, բայց առաջարկված մնացած բոլոր քայլերին, ներառյալ տարածքների վերադարձ, դեմ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան