Հ. Նաղդալյան. «1994 թվականի եռակողմ պայմանագիրը, որը ստորագրել են Ադրբեջանը, Ղարաբաղը և Հայաստանը անժամկետ է, նրանից դուրս գալն անընդունելի է»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունն ունի պրոադրբեջանաթուրքական բավական մեծ տանդեմ և այդ իմաստով այդ հարթակը առավելապես կարևոր և նաև վտանգավոր է դառնում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«Լոբբիստական շահերը ներկայացնող պատվիրակների թիվը նույնպես այդ հարթակում մեծ է և ԵԽԽՎ-ն նաև վտանգավոր է դառնում ու պարունակում է որոշ ռիսկեր: Նրանց մեծ թիվը և պարզ քվեարկությամբ հարցերը որոշելու մոտեցումը, և աշխատակարգային այլ ձևերը, որոնք թույլ են տալիս հընթացս նոր-նոր առաջարկներով հարստացնել եղած զեկույցները, տեքստերը, այս ամենը բերում է նրան, որ ռիսկերը բավական մեծ են, և ես կարծում եմ, որ էստեղ մեր խնդիրը կարելի է ձևակերպել այնպես, որ հնարավորինս քիչ ռիսկեր ունենանք և քիչ վնասներ ունենանք», -հավելեց Հերմինե Նաղդալյանը՝ նկատելով, որ ռիսկեր չունենալու համար պետք է շատ-շատ աշխատել:
Ինչ վերաբերում է ապրիլի 18-22-ը տեղի ունեցած ԵԽԽՎ նիստի ընթացքին, Նաղդալյանը տեղեկացրեց, որ այս լիագումար նիստում իրենք «մեծածավալ աշխատանքներ» են կատարել:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր պատվիրակությունը կարողացավ շատ ճիշտ աշխատել և սա այն դեպքերից է, որ գոհունակություն եմ ուզում հայտնել պատվիրակության բոլոր անդամներին. փոքրաթիվ կազմով բավական մեծ աշխատանք ենք կատարել: Եվ ամենակարևորը առաջին հերթին փորձել ենք բավական մեծ ծավալով տեղեկատվություն տարածել: Այսօր Ադրբեջանին խփելու ամենամեծ հնարավորությունը ճշգրիտ տեղեկատվություն տարածելն է, որովհետև իրենց սովորության համաձայն, ստով ու կեղծիքով իրադարձությունները շուռ տալով, նենգափոխելով, երկար ժամանակ կարողացել են տարբեր հարթակներում իրենց գործն առաջ տանել», -հավելեց Նաղդալյանը:
Նրա խոսքով, պատվիրակության բոլոր անդամները ԵԽԽՎ քաղաքական տարբեր խմբերում մեկ ժամից ավելի քննարկումներ են ունեցել, ներկայացրել ապրիլի սկզբի օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին, խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի վայրագությունների մասին:
«Պատվիրակները ստորագրել են հայտարարություն, որը շատ կարևոր ու շատ զգայուն հարցերի պատասխան է տալիս: Եվ այդ հայտարարությունը արտահայտում է եվրոպական հանրության ոգին: Այս օրերին մենք նկատեցինք եվրոպական բազմաթիվ երկրների, համաշխարհային հանրության, բոլորի միասնական վերաբերմունքը՝ ռազմական ճանապարհով լուծում չկա, հրադադարի մասին նոր պայմանագիր լինել չի կարող, 1994 թվականի եռակողմ պայմանագիրը, որը ստորագրել են Ադրբեջանը, Ղարաբաղը և Հայաստանը անժամկետ է, նրանից դուրս գալն անընդունելի է», -նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Նաղդալյանի ներկայացմամբ, իրենք կարողացել են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ազգային պատվիրակությունների, քաղաքական խմբերի մեծ մասի մոտ ընդհանուր պատկերացում ձևավորվել է իրականության մասին:
«Մնում է այնպես շարունակել աշխատել, որ տեղ չթողնենք, որպեսզի Ադրբեջանը կարողանա ինչ-որ քայլեր հաջողացնել անել», -նկատեց Նաղդալյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ, իր ադրբեջանամետ վարքագծով աչքի ընկած Պեդրո Ագրամունտի հետ հանդիպմանը, տիկին Նաղդալյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպման նպատակը ԵԽԽՎ-ում հետագա միասին աշխատանքի «որոշակի ձև» գտնելն էր:
«Այդ հանդիպման ընթացքում փորձեցինք նախաձեռնել, հիմք դնել մի քննարկման, թե ինչպես կարող ենք աշխատել թե ԵԽԽՎ նախագահի հետ և թե ադրբեջանական պատվիրակության հետ ԵԽԽՎ տարածքում և այդ տարածքը չվերածելով ադրբեջանական և հայկական պատվիրակությունների միջև մարտադաշտի», -հավելեց խորհրդարանականը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Քառօրյա պատերազմից հետո տրամաբանական չէ խոսել բանակցությունների մասին
- Ղարաբաղյան հարցի խաղաղ լուծմանը կարելի է հասնել ոչ միայն բանակցությունների միջոցով. ՀՅԴ-ական գործիչ
- Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել. Շ. Քոչարյան
- Քաղաքագետ. Մահացած բանակցությունների վերակենդանացումն անպտուղ է
- Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ հակամարտությունների ենթակոմիտեում քննարկվել է նրա մեկ տարվա աշխատանքների հարցը
- ԵԽԽՎ-ում ընդունվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան