Ֆրանկ Էնգելը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համար տարվող աշխատանքները
«Ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում ղարաբաղյան թեմայով քննարկումները ցույց տվեցին, որ այնտեղ կա տեղեկացված հանրություն, մի խումբ, որը կարող է ստանձնել Ղարաբաղի մասին անմիջական, օբյեկտիվ տեղեկատվությունը գործընկերների հետ կիսելու կարևոր գործը», -նշել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որ այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան Արցախ այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանը
Անդրադառնալով ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը՝ խորհրդարանի ղեկավարն ընգծել է, որ, գոնե այժմ, բոլորի համար ավելի շոշափելի պետք է լինի այն իրողությունը, որի մասին նախորդ տարիներին բարձրաձայնում էր արցախյան կողմը. «Ապրիլի առաջին օրերից, երբ ծավալվեց Ադրբեջանի նոր ագրեսիան, կարծում եմ, շատերի համար հասկանալի դարձավ այն ընկալումը, որ միջազգային ճանաչումը մեզ համար միայն ցանկություն չէ, դա մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու միակ իրատեսական ճանապարհն է»:
Ֆրանկ էնգելը գոհունակություն է հայտնել այս պահին Արցախում լինելու հնարավորության համար:
Խոսելով ապրիլի կեսերին ղարաբաղյան թեմայով Եվրախորհրդարանում ծավալված քննարկումների մասին՝ եվրոպացի պատգամավորը նշել է, որ այդ քննարկումների դրական ազդեցությունն ակնհայտ է, քանի որ դրանց արդյունքում տեղի է ունեցել Ադրբեջանի վերաբերյալ ըմբռնումների վերաիմաստավորում:
Ֆրանկ Էնգելը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համար տարվող աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին
- Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին
- Պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Եվրոպացի պատգամավոր