Գյումրիում կանգնեցվելու է Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի նոր բաց մրցույթ են հայտարարել Գյումրու քաղաքապետարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Քանդակագործության միջազգային սիմպոզիումի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուշարձանը տեղադրվելու է Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնին կից տարածքում:
Մրցութային առաջարկները պետք է ներկայացնել մինչև 2016 թվականի հունիսի 10-ը:
Նշենք, որ արդեն մեկ անգամ մրցույթ հայտարարվել էր: Ապրիլի 19-ին մրցութային հանձնաժողովը ներկայացրել էր 9 աշխատանք, բայց վերջնական արդյունքում դրանցից և ոչ մեկին հանձնաժողովն իր հավանությունը չէր տվել:
Ռեժիսոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը 1930–70-ական թվականների հայ բեմադրական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչն է:
Վարդան Աճեմյանը (1905 թ., Վան - 1977 թ., Երևան) 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)՝ մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր:1924 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1926 թ-ին՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան:
Բեմական գործունեությունն սկսել է 1927 թ-ին. կազմակերպել ու ղեկավարել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ստուդիան, ապա եղել Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան, գեղարվեստական ղեկավար, 1939 թ-ից` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, 1953-ից` գլխավոր ռեժիսոր: 1944 թ-ից դասավանդել է գեղարվեստա թատերական ինստիտուտում, 1947–50 թթ-ին` երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր:
Աճեմյանը ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն: Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի երաժշտական կոմեդիայի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Տիգրան Չուխաճյանի «Կարինե» և այլն), օպերայի և բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ» և այլն) թատրոններում: Հայ թատրոնում Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի Աճեմյանի բեմադրությունը հասել է կատարելության:
Աճեմյանի ռեժիսորական ուշագրավ աշխատանքներից են նաև Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Վրթանես Փափազյանի «Ժայռ», Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և այլ ներկայացումներ: Նա նաև նկարում էր («Ժպիտներ, ընկերական շարժերի ալբոմ», 1968 թ.), այդ պատճառով էլ մեծ նշանակություն էր տալիս ներկայացումների նկարչական ձևավորմանը: Աճեմյանի անունով են կոչվել Գյումրիի դրամատիկական թատրոնը և Լոս Անջելեսի հայկական թատրոններից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում