ՀՀ ԱՆ. Տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկն այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: 62-ամյա կնոջ պնդմամբ` նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և տեղափոխվել բժշկական հաստատություն: Նրա ինքնության մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Տուժածների բուժօգնությունը համակարգում է անմիջապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները:
Հանրապետության գլխավոր և առաջատար մասնագետների ներգրավվածությամբ նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:
Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ:
Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ:
Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո:
Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին