Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան
Երևանի Նոր Նորք վարչական շրջանից Աջափնյակ վարչական շրջան երթուղին սպասարկող 63 համարի ավտոբուսը, որի մեջ ապրիլի 25-ին գիշերը պայթյուն էր տեղի ունեցել, պատկանում է «ՏԿ Քինգ Դելյուքսե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Սա այն կազմակերպությունը չէ, որի մասին գրում են լրատվամիջոցներում: Սա տարբերվում է այն ընկերությունից, որի մասին խոսում են: Դրանք տարբեր ՍՊԸ-ներ են», -ասաց Նավասարդյանը:
Նա չբացառեց, որ այդ ընկերությունը պատկանում է 2015-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչ մականունով:
«Հնարավոր է իր հարազատներից մեկի անունով է գրանցել: Նա ինքն էլ չի հերքել, որ կապ ունի այդ ընկերության հետ», -ասաց Նավասարդյանը:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել, պաշտոնյան պատասխանեց. «Ըստ երևույթին խոսքը «Քինգ Դելյուքս» ընկերության մասին է, քանի որ ես այս ընկերության սնանկ լինելու մասին պաշտոնական տեղեկություն չեմ ստացել»:
Ապրիլի 25-ին գիշերը 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր 2 մարդ, 8-ը վիրավորվել: Վիրավորներից մեկը առաջին բուժօգնություն էր ստացել և դուրս գրվել հիվանդանոցից, իսկ մյուսները դեռ հիվանդանոցներում են:
Պայթյունի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ), որը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը հրապարակել է ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 տուժածների անունները
- Ավտոբուսի պայթյունից տուժածներն ու ականատեսները հարցաքննվել են. Տռուզյան
- Մասնագետները վերականգնել են ավտոբուսի պայթյունի գրաֆիկական պատկերը
- Պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 մարդ. նոր մանրամասներ
- Պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարար
- Ավոտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Պայթյունի հանգամանքները պարզվում են. Աշոտ Ահարոնյան