Ինչու ԱԺ-ում տապալվեց «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը
«Ընդդիմությունը միասնական կամք ցուցաբերեց և չքվեարկեց», -այսօր Ազգային ժողովում «Հրազդան-ցեմենտ»-ին վերաբերող օրինագծի տապալման մասին հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել կառավարության ներկայացրած ցանկալի նախագիծը, Այվազյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում չկարողացանք անցկացնել օրինագիծը, պարզապես ներկա չեն եղել մեր պատգամավորները»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Ազգային ժողովում տապալվել էր Հրազդան-ցեմենտ» ընկերությանը պարտքերից ազատելու, արտոնություն տալու նախագիծը: Օրինագծի քվեարկությանը մասնակցել էր 54 պատգամավոր. 53-ը կողմ էին, մեկը դեմ էր, մինչդեռ քվորում ունենալու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի մասնակցություն:
Նկատենք, որ Ազգային ժողովում օրինագիծն անցել էր երկու ընթերցում, բայց խորհրդարանական մեծամասնությանը չհաջողվեց անցկացնել երրորդ և վերջնական ընթերցումը:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում օրինագծին, մեր հարցին ի պատասխան, Այվազյանն ասաց. «Եթե կառավարությունը գտնի, որ օրինագծի ընդունումը կարևոր է ու նպատակահարմար, նորից կներկայացնի խորհրդարանին»:
Այվազյանի խոսքով, նախագիծը չընդունելով հետևանքով հազարից ավելի մարդ կմնա առանց աշխատանքի, իսկ գործարանում ներդրումներ չեն կատարվի:
«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծը երեկ ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր և փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:
Հարցին, թե կո՞ղմ է պատգամավորը, որ Միկա Բաղդասարովը պատժվի, պատասխանատվության ենթարկվի` գործարանն այդ վիճակին հասցնելու համար, Այվազյանը պատասխանեց, որ ինքը կողմ է, որ ցանկացածը պատասխան տա բյուջեին վնաս հասցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան