EurasiaNet․Քլունիների աստղային ուժը Կովկասում
Քլունի զույգի համար կովկասյան «weekend» էր։ Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու ընդդեմ ցեղասպանությունների ֆորումին, մինչդեռ աստղի կինը՝ մարդու իրավունքների փաստաբան Ամալ Քլունին, մեկնել էր Վաշինգտոն՝ իր ադրբեջանցի պաշտպանյալ, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու համար աջակցություն ստանալու, գրում է EurasiaNet-ը։
Ջորջ Քլունին, ով «ծիծաղելի» է համարում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ժխտումը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 24-ին մասնակցում էր կոտորածի զոհերի հիշատակման արարողությանը, այնուհետ խաղաղության մրցանակ հանձնեց բուրունդացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեին։
Քլունին Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ամալը չի կարողացել իր հետ այցելել Երևան, քանի որ իր պաշտպանյալ Խադիջա Իսմայիլովայի հետ կապված գործերով գտնվում է Վաշինգտոնում։
«Նա այցելում է Սպիտակ տուն, այուհետ պետք է հանդիպի սենատոր Ջոն ՄքՔեյնին և մյուսներին։ Նա այնտեղ փորձում է ուղիներ գտնել՝ ազատելու այդ անհավատալի փայլուն թղթակցին»,-ասել էր Քլունին։
Քլունին նաև հեգնանքով նշել էր, որ իր կնոջ պաշտպանած գործերի պատճառով, իրենց համար պակասում են այն վայրերը, ուր կարող են այցելել։ Ադրբեջանը, հաստատապես, կդառնա այդ վայրերից մեկը։
Ինչպես գրում է EurasiaNet-ը, Բաքուն 3 պատճառ ունի Քլունիներից զգուշանալու համար․Ամալ Քլունին ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 2-րդ՝ այս տարի Ամալ Քլունին ստանձնեց բանտարկված լրագրող Իսմայիլովայի պաշտպանությունը, ով բարձրաձայնում էր նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնես գործունեության մասին, և այժմ էլ Ջորջ Քլունին է իր հռչակն օգտագործում Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Ինչպես գրում է կայքը, Հայաստանի հետ դառը տարածքային վեճի պատճառով Ադրբեջանը հակված է Հայաստանի բարեկամներին համարել իր թշնամիներ։ Ադրբեջանը նաև պաշտպանում է իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի տեսակետն առ այն, որ էթնիկ հայերի սպանությունները ցեղասպանություն չեն եղել։
Թերևս կա հնարավորություն, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է Քլունիների կողմից Հայաստանի համար ցեղասպանության պաշտպանությունը օգտագործել որպես ներքին PR-ի գործիք՝ ընդդեմ Իսմայիլովայի, եթե անհրաժեշտություն առաջանա։
Երբ Ամալ Քլունին հայտարարեց, որ ներկայացնելու է Իսմայիլովայի շահերը ՄԻԵԴ-ում, Ադրբեջանի պրոիշխանական լրատվամիջոցները փաստաբանին անգամ ներկայացրին որպես հայ․«ամենավատ բանը, որ կարող է պատահել որևէ մեկի հետ, ըստ Ադրբեջանի պետական պրոպագանդայի»։
Քլունին հերքեց այս մեղադրանքը ասելով․«Փաստը, որ ես ներկայացրել եմ Հայաստանը, ինձ հայ չի դարձնում այնպես, ինչպես Կամբոջան ներկայացնելով կամբոջացի չեմ դառնում, կամ Հունաստանին խորհուրդ տալով՝ հույն»։
Հարակից հրապարակումներ`
- USA Today-ը մեջբերում է Քլունիին․ Ապրիլի 24-ին ողջ աշխարհը հիշում է Հայաստանին
- «Մենք՝ բոլորս, հիշում ենք». Քլունիի պատասխանը Հիտլերին
- Ջորջ Քլունին եղել է UWC Դիլիջան քոլեջում
- Ջորջ Քլունի. Մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ պատմությունները ներկայացնում ենք թվերով
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
- Ջորջ Քլունին Երևանում վայրէջք կատարելուց հետո առաջինը գնացել է «Թումո»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան