«Արմմոնո» փառատոնը կբացվի Հայկ Պետրոսյանի մոնոներկայացմամբ
«Արդեն ավանդական է դարձել, որ Երևանում անցկացվող «Արմմոնո» միջազգային փառատոնը բացում են մեր հայ երիտասարդ շնորհալի դերասանները: Այս տարի փառատոնը կբացի երիտասարդ դերասան Հայկ Պետրոսյանն իր՝ «Եթե ես լինեի Պապա» մոնոներկայացմամբ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնին կներկայացվի 26 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իսրայելից, Բելառուսից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից և Վրաստանից: Այս տարի կներակացվեն նաև բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:
«Փառատոնի շրջանակներում առանցքային երկու նախագիծ կներկայացվի Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ: Նախատեսված է ծրագիր նաև ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված»,-նշեց Մարիաննա Մխիթարյանը:
Հանդիպմանը ներկա դերասան Հայկ Պետրոսյանն ասաց, որ մոնոներկայացումը փառատոնի ժամանակ փոքր-ինչ փոփոխված տարբերակով կլինի, ինչը պայմանավորված է ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձություններով:
«Բեմի վրա Հայկն է լինելու, ոչ թե ուրիշ կերպար: Ներկայացնում եմ իմ ապրումներն ու զգացմունքները: Այս ներկայացման գաղափարն ինձ մոտ ծագել է բանակում, երբ մտածում էինք, որ ամուսնանամ, պապա դառնամ, ինչպիսին կլինեմ»,-պատմեց Հայկը:
«Արմմոնո» միջազգային 14-րդ փառատոնը կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 3-ը: Բացումը տեղի կունենա Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումների մուտքն անվճար է:
Փատատոնն անց է կացվում ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում