Է. Մարուքյան. Պետք է պահպանվեն կամավորների աշխատատեղերն ու սուբսիդավորվեն աշխատավարձերը պետության կողմից
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է, որ եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել պատերազմական իրավիճակում կամավորակության գործընթացի որոշ իրավական մանրամասներ:
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում նա ասաց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստացվել են առաջարկներ, որոնք արժանի են ուշադրության և հաշվի առնվելու օրենքի մշակման ընթացքում:
Պատգամավորը ներկայացրեց մի քանի խնդիրներ, որոնք կարևոր են գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու առումով, ինչպես նաև կան խնդիրներ, որոնք կարող են աշխատանքային խմքոբ քննարկել
Նա նշեց, որ պետք է պահպանվեն կամավորների աշխատատեղերն ու սուբսիդավորվեն աշխատավարձերը պետության կողմից:
«Գործատուին պետք է տրվի հնարավորություն ժամանակավոր փոխարինող աշխատող ընդունել կամավոր ռազմաճակատ մեկնողի փոխարեն: Կան տեղեկություններ, որ մարդիկ գնացել են ռազմաճակատ, բայց նրանց իրենց աշխատելու վայրերից ազատում են: Սրա հետ կապած գործող օրենսդրության մեջ որոշակի նորմեր կան, բայց այստեղ նաև իրավակիրառ պրակտիկայի պրոբլեմ կա»,- ասաց պատգամավորը:
Է.Մարուքյանն նաև նշեց, որ կամավոր ռազմաճակատ մեկնողների վարկային պարտավորությունները պետք է սուբիսավորվեն պետության կողմից. «Նման կարգավորում չունենք, օրենքով պետք է խնդիրը լուծել»:
Պատգամավորն իր հայտարարության մեջ նաև նշեց, որ պետությունը բոլոր զինծառայողների, կամավորականների կյանքը պետք է ապահովագրի:
Նա նաև առաջարկեց կամավորագրվողների համար զինկոմիսարիատների միջոցով պարբերաբար կազմակերպվեն մարտական, ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ: