ԶՈւ շտաբի պետին պաշտոնից ազատելու համար հիմքեր պետք է լինեն. Կորյուն Նահապետյան
ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իր համար անակնկալ չի եղել ՊՆ-ում և ՀՀ Զինված ուժերում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնանկությունները:
«Ստեղծված իրավիճակում պետք էր քննարկել և որոշում կայացնել. Այն պաշտոնատար անձինք, ովքեր թերացել են, թույլ են տվել կարգապահական խախտումներ, որոշակի ծառայողական պարտականություններ անբավարար են կատարել, ապա բնական է, որ պետք է ենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ պաշտոնից ազատում», -հայտարարեց Կորյուն Նահապետյանը:
Հարցին, թե արդյոք միայն պաշտոնանկությունը բավարա՞ր է այս պարագայում, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է հետևություններ անել բոլոր ուղղություններով` և խորհրդարանական, և դիվանագիտական: Ռազմական բնագավառում բացահայտվել են, որոշ խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի լուծումներ»:
Լրագրողը հետաքրերվեց, թե այդ թերացումների հետևանքով անդառնալի կորուստնե՞ր եղան, ինչին Նահապետյանը դրական պատասխան տվեց. «Ունեցել ենք կորուստներ, մարդկային կորուստները անդառնալի են, իհարկե, բայց պետք է բոլորս հասկանանք, որ սա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ հնարավոր են մարդկային կորուստներ»:
Մյուս հարցին, թե արդյոք պետք է պատերա՞զմ լիներ, որ հասկանայինք, որ Պաշտպանության ոլորտում նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրներ կան, կապի հետ կապված խնդիրներ կան, իշխանական պատգամավորը արձագանքեց.
«Գիտեք, մենք պարբերաբար բանակաշինության հետ կապված խնդիրները քննարկում ենք ՊՆ ղեկավարության հետ: Ակնհայտ է, որ այս քառօրյա պատերազմը վեր հանեց նոր խնդիրներ, որոնց պետք է և օպերատիվ արձագանքել, և նաև անհրաժեշտ է որոշակի ժամանակ` համապարփակ վերլուծելու դրդապատճառները, բացերը, թերությունները, որոնք կան մեր ազգային անվտանգության համակարգում»:
Պատգամավորի խոսքով, ճիշտ է, բացահայտվել են նոր խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում:
«Առաջիկայում հնարավորություն կունենանք Պաշտպանության նախարարի հետ քննարկումներ կազմակերպել: Այդ քննարկումների արդյունքում կունենանք հստակ դիրքորոշում, թե հատկապես որ հարցերում ենք թերացել: Ակնհայտ է մի բան, որ պետք է մեր սխալներից հետևություն անել», -հավելեց պատգամավորը:
Հարցին, թե արդյոք չպե՞տք է ավելի բարձր պաշտոնյաներ ազատվեին պաշտոններից, ԱԺ պաշտպանության,մ անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արձագանքեց.
«Ձեր կարծիքով Պաշտպանության փոխնախարարը բարձր պաշտոնյա չէ՞, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը բարձր պաշտոն չէ՞, ԶՈւ գլխավոր շտաբի երկու առանցքային պաշտոնյաները ցածր պաշտոննե՞ր են»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է պաշտոնից ազատվի նաև Գլխավոր շտաբի պետը, քանզի նրա երկու ենթակաները, ըստ էության, թերացել են իրենց աշխատանքում և վերահսկողություն նրանց նկատմամբ չի եղել, Նահապետյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, ճիշտ չեք ձեր ընդհանրացումներում: Յուրաքանչյուր պաշտոնյա ԶՈւ գլխավոր շտաբում, ունի իր պարտականությունները: Պետք է քննարկել և որոշել, թե ով որ հարցում է թերացել: Պետք է հիմքեր ունենալ, թե ինչ չի արել տվյալ դեպքում տվյալ պաշտոնատար անձը, որը ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձն է, նոր միայն քայել կատարել»:
Հիշեցնենք` ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էր Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է` ՊՆ-ում այլ անձինք ևս պատասխանատվության ենթարկվեն. Նահապետյան
- ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն ազատվել է պաշտոնից
- ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին