Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումը համարում ենք կոնցեպտուալ առանձին կարևոր հարց. Դ.Հարությունյան
«Միգուցե ճիշտ կլիներ Կուսակցությունների մասին նոր օրենքը ևս բերել, բայց այն կարող է պարունակել մի գաղափարախոսություն, իսկ մենք խոսում ենք փաթեթի մասին: Այդ մտահոգությունը մեզ ետ կանգնեցրեց նոր օրենքը զուգահեռաբար մշակելուց»,- Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի Կուսակցությունների մասին ամբողջական նոր օրենքն ընդունել ավելի վաղ, կապել Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացի հետ:
Ըստ Դ.Հարությունյանի, կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումը համարում են կոնցեպտուալ առանձին կարևոր հարց:
«Եթե լայն կոնսենսուս լիներ, ունենայինք ավելի մեծ ժամանակահատված այդ քննարկումները կազմակերպելու համար, միգուցե իմաստ կունենար: Այսօր որոշեցինք ձեռնպահ լինել այդ մոտեցումից»,- նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Պատասխանելով պատգամավորի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի տարածքային ընտրացուցակիների համար նախատեսված բաշխվող մանդատների տեղն ավելացնել, օրինակ՝ 70/30 հարաբերակցությամբ, դրանով իսկ ավելի մեծացնելով կուսակցությունների պատասխանատվությունը կոնկրետ տարածքներում կատարվող աշխատանքների նկատմամբ, Դ.Հարությունյանն ասաց. «Ամբողջովին ես կպաշտպանեի ձեր մոտեցումը, որովհետև ինչքան շատ տարածքային ցուցակներով տրամադրենք մանդատներ, այնքան մոտ կլինի համակարգը դասական համամասնականին: Բայց ինչպես տեսնում եք, ունենք տարբեր դիրքորոշումներ, դրանով պայմանավորված որոշեցինք այդ 50/50 մոտեցման վրա կանգ առեն: Կրկնում եմ, եթե իմ անձնական նախասիրությունը դուք հարցնեիք, կնախընտերի 30/70 հարաբերակցությունը կամ նման մի հարաբերակցություն: Բայց սա զուտ քաղաքական կոմպրոմիսների հարց է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան