Թշնամու արկակոծության հետևանքով վնասվել են Մարտակերտի քաղաքապետարանի շենքն ու 25 բնակելի տներ. քաղաքապետ
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը թշնամու արկակոծության հետևանքով վնասվել են ԼՂՀ Մարտակերտի քաղաքապետարանի շենքն ու 25 բնակելի տներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
Նրա խոսքերով՝ հիմնականում 20 տների ապակիներն են կոտրվել, իսկ 5 տուն լրջորեն վնասվել է: Ըստ նրա՝ քաղաքապետարանի 8-10 պատուհանների ապակիներն են կոտրվել, բացի այդ, համակարգիչներ են վնասվել:
«Այս պահին վնասները գույքագրում ենք»,- ասաց Միշա Գյուրջյանը:
Նա նշեց նաև, որ այս պահին Մարտակերտում հանգիստ է, առավոտյան ժամը 5-ին կրակոցները դադարել են:
«Կարևորը, որ վիրավորներ ու զոհեր չունենք»,-ասաց Միշա Գյուրջյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ արկակոծման հետևանքով Մարտակերտում տներ և ենթակառուցվածքներ են վնասվել:
Ավելի վաղ, ԼՂՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ վարչապետի խոսնակ. Մարտակերտում տներ են վնասվել
- ԼՂՀ առաջնագծում մահացու վիրավորումներ են ստացել երկու զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը