«Սպեղանի» երգչախումբը մասնակցելու է Հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին
«Սպեղանի» երգչախումբը (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան) մայիսի 3-ին ելույթ է ունենալու Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգը նվիրված է երգչախումբի 20-ամյակին: Երգչախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգին հնչելու է Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը:
Առաջին անգամ կկատարվի Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգները՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա. «Սեր ու ջեր», «Օրհնություն», «Հունձ», «Աղոթք», «Խորունկ ու մուգ»:
Երգչախմբի կատարմամբ կհնչի Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգչախմբի կենսագրության մեջ:
Արդի խմբերգային զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախումբը շարունակում է իրականացնել նոր ծրագրեր և մտահղացումներ, նպաստել ազգային խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը: Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում, համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով Առաջին մրցանակների:
Այս տարվա ամռանը երգչախումբը հրավիրված է Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու Հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում